«Երևանյան ամառ 2018». մայրաքաղաքում մեկնարկել է ավանդական դարձած «Խոսող խաղալիք» փառատոնը

08.06.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումներ ծրագրով Միսաք Մանուշյանի անվան պուրակում մեկնարկել է երեխաների, ինչպես նաև նրանց ծնողների կողմից սիրված «Խոսող խաղալիք» ամենամյա փառատոնը: Ավանդույթի համաձայն, փառատոնին իրենց տիկնիկներով ներկայացել են Հայաստանի մի շարք տիկնիկագործներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսի համար կազմակերպվել է հետաքրքիր և ուրախ շոու-ծրագիր՝ փոքրիկ երգիչ-երգչուհիների, երեխաների կողմից սիրված կերպարների և, իհարկե, ծաղրածուի մասնակցությամբ: Շոու-ծրագրին հետևել է տիկնիկների զվարթ շքերթը:
Միջոցառմանը մասնակից երեխաները հնարավորություն են ունեցել նաև դիմակավորվելու կամ կերպարանափոխվելու՝ բնական անվնաս ներկերով:
Փառատոնի ամենահետաքրքիր հատվածներից մեկը, թերևս, բացօթյա տիկնիկային ներկայացումներն էին: Երևանից և տարբեր բնակավայրներից ժամանած տիկնիկային թատրոնները երեխաներին ներկայացել են նոր ու զվարճալի բեմադրություններով:
Փառատոնի ավարտին մասնակիցները կարժանանան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին