Ֆրանկոֆոնիայի օրերը՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում

05.04.2018

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից շարունակվում են կրթամշակութային միջոցառումները: Քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի օրերի ընթացքում կազմակերպվել է հետաքրքիր հանդիպում ֆրանսիացի երեք հեղինակների՝ Վալերի Բյուգոյի, Մարիոն Սիգոյի և Ստեֆանի Բինյոնի հետ: 

Հանդիպման ընթացքում տարբեր մասնագիտություններ ունեցող և ներկա մարտահրավերների մասին իրենց մտքերը գրքերում ամփոփած կանայք խոսել են ֆրանկոֆոն երկրներին միավորող ընդհանրությունների և մտահոգող խնդիրների մասին: Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակը ֆրանսիացի հեղինակները գնահատել են բացառիկ հնարավորություն, նաև նկատել՝ երբ ազգերին միավորում է լեզուն և մշակույթը, ապա դա ամուր բարեկամության լավագույն ապացույցն է:
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով հեղինակներին հյուրընկալվելու համար, նրանց ծանոթացրել է նաև ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անկացված և նախատեսված միջոցառումներին՝ ընդգծելով, որ ավելի քան երկու տասնյակ տարբեր միջոցառումների շարքում ընդգրկված են ֆիլմերի դիտումներ, գրքերի ու հեքիաթների ընթերցանություն հայտնի անձանց կողմից, ներկայացումներ՝ երեխաների համար, երաժշտության ունկնդրում, ինչպես նաև հանդիպում-քննարկումներ՝ ֆրանսիացի հեղինակների հետ:
Հյուրերը նաև շրջել են գրադարանում, ծանոթացել «Ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ին:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին