Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լավագույն ուսանողուհին արժանացել է Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակին

06.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբի բացման արարողությանը: Ակումբի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ակումբի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար, համալսարանի ռեկտորը նկատել է, որ շախմատի ակումբն ապահովված է համապատասխան գույքով, շախամատասեր ուսանողների համար էլ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, բուհի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը հատկացվում է բակալավրիատի՝ առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակներում անընդմեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողին՝ մեկ ուսումնական տարվա համար:
ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով Անդրանիկ Մարգարյանի անվան արդեն ավանդույթ դարձած այս կրթաթոշակի տրամադրումը, ընդգծել է, որ սա նաև յուրովի հարգանքի տուրք է մեծ հայի հիշատակին, ով մշտապես եղել է հարազատ բուհի և պոլիտեխնիկցիների կողքին:
Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի արժանացած բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանին հավաստագիրը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Որպես Մարգարյան ընտանիքի անդամ` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ռեկտորին, ուսանողներին ու դասախոսական կազմին՝ այս բարի ավանդույթը շարունակելու և իմ հոր անունը միշտ վառ պահելու համար», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին