Մարտ-հունիս ամիսներին «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղուց օգտվել է շուրջ 1300 այցելու

12.07.2017

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագրից օգտվում են ինչպես Երևան այցելող զբոսաշրջիկները, այնպես էլ մայրաքաղաքի բնակիչները: «Երևան Սիթի Տուր» երթուղու 6-րդ տարեշրջանի պաշտոնական մեկնարկը թեև տրվել է մայիսի 1-ից, սակայն հաշվի առնելով Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ «Երևան Սիթի Տուր» ծրագիրն աշխատել է դեռևս մարտ ամսից: Հիմնական այցելուները մարտին եղել են Իրանից ժամանած զբոսաշրջիկները:

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի տվյալներով մարտ-հունիս ամիսներին իրականացված 60 տուրի ընթացքում ծրագրից օգտվել է շուրջ 1300 այցելու, որոնց հիմնական մասը եղել են ՌԴ-ից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկները: Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել նաև Արևելյան Ասիայից, մասնավորապես՝ Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների կողմից:
Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերի իրականացումը՝ տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակում կազմակերպել է նաև հատուկ մշակված երթուղիներ՝ Երևանի տեսարժան վայրերով մարզերի դպրոցահասակ երեխաների, ուսումնական կենտրոնների, ուսանողների համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին