Մեկնարկել է Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը, որին մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ

01.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Առաջնությանն այս տարի մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ, ինչը, պատասխանատուների խոսքով, աննախադեպ ցուցանիշ է: Հատկանշական է, որ ֆեդերացիայի պատանեկան հավաքականն այսօր է վերադարձել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի ամենամյա առաջնությունից, որտեղ հայ մարզիկներից 9-ը զբաղեցրել են առաջին, 3-ը՝ երկրորդ և 7-ը՝ երրորդ հորիզոնականները: Հաղթանակով Երևան վերադարձած մարզիկներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է պատվոգրերով: Շնորհավորելով Կովկասի ամենամյա առաջնության հաղթողներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հաջողություններ է մաղթել Կիոկուշին կարատեի Երևանի առաջնության մասնակիցներին:
«Վերջին տարիներին մենք հստակ քայլեր ենք իրականացնում Երևանի մարզական կյանքի աշխուժացման ուղղությամբ: Իսկապես հաճելի է արձանագրել, որ մեր ֆեդերացիաները տարեցտարի գրանցում են նորանոր ձեռքբերումներ՝ աշխարհի տարբեր երկրներում բարձր պահելով Հայաստանի ու քաղաքամայր Երևանի պատիվը: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել բոլոր այն սպորտաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը, որոնք իսկապես պահանջված ու սիրված են մեր բնակիչների կողմից և իրենց կարևոր նպաստն են բերում առողջ ապրելակերպի խթանմանը»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին ֆեդերացիայի բոլոր նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում ցուցաբերած մշտական աջակցության և հետևողականության համար՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել Կովկասի առաջնությունում Հայաստանի հավաքականին շնորհված հաղթական գավաթը:
Նշենք նաև, որ Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիան Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիային շնորհել է պաշտոնական իրավունք՝ 2018թ. Եվրոպայի ամենամյա առաջնությունը Երևանում անցկացնելու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Մեկնարկել է Կիոկուշին կարատեի Երևանի առաջնությունը, որին մասնակցում է ֆեդերացիայի շուրջ 1000 մարզիկ