Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում. նոր համագործակցություն կրթության ոլորտում

04.05.2017

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում ակտիվ գործակցություն է ծավալված նաև կրթության ոլորտում: 

Մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ալեքսանդր Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Ադմիրալտեյսկի շրջանի Շոստակովիչի անվան հ. 235 դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու Սանկտ Պետերբուրգի կրթության կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Կսենոֆոնդովը:
Ընդգծելով երկու քաղաքների միջև ակտիվ համագործակցությունը մասնավորապես կրթության ոլորտում՝ Գայանե Սողոմոնյանը կարևորել է համատեղ նոր ծրագրերի իրականացումը. «Երևանի 3 դպրոցներ այսօր հաջողությամբ համագործակցում են Սանկտ Պետերբուրգի դպրոցների հետ, կազմակերպում աշակերտների փոխայցեր: Համոզված ենք, որ ստորագրված համաձայնագրով երկու կրթօջախները ևս ակտիվ կհամագործակցեն տարբեր ծրագրերի շուրջ»:
Հյուրերն իրենց հիացմունքն են հայտնել մայրաքաղաքի աշակերտների ռուսաց լեզվի իմացությամբ և ռուսական մշակույթի ու պատմության տեղեկացվածությամբ:
Երկու դպրոցների միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված է ուսուցիչների միջև փորձի փոխանակում, առցանց դասաժամերի կազմակերպում աշակերտների միջև, ինչպես նաև դպրոցների գրադարանային ֆոնդի համալրում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին