Թեմատիկ ցուցահանդեսներ՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով

18.05.2017

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ըստ ավանդույթի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ: Այս տարի ցուցահանդեսներն անցկացվել են «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» ընդհանուր խորագրի ներքո և թանգարաններ մուտքն էլ եղել է ազատ ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի հյուրերի համար: 

Թանգարանների միջազգային օրվան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվել են Վանին և Վան քաղաքի շրջակա տարածքներին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնց մեծամասամբ տեղեկացված են գիտական շրջանակները և այժմ դրանք ներկայացվում են նաև լայն հանրությանը:
Ժամանակակից արվեստի թանգարանն էլ օրվա առիթով կազմակերպել է «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվել են Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքներ:
Կարեն Դեմիրճյանի թանգարանն էլ այցելուներին ներկայացել է «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ավելի քան 30-ամյա իրերով այստեղ վերարտադրվել է խորհրդային ժամանակների մթնոլորտը, ցուցասրահում գտնվող հնաոճ հեռուստացույցով էլ ցուցադրվել են ԽՍՀՄ տարիների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա առիթով անվճար է եղել ոչ միայն վերոնշյալ ցուցահանդեսների, այլև թանգարանների հիմնական ցուցասրահների մուտքը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին