Տարոն Մարգարյան. «Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի»

04.09.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում ծառերի հատման դեպքին, բնապահպանության վարչությանը հանձնարարել է օրենքի շրջանակում ընթացք տալ այս հարցին. 

«Մասնավորապես այս դեպքի առնչությամբ հնչեցվող «արդարացումը», թե տվյալ տարածքը մասնավոր սեփականություն է, բնավ չի կարող ընդունելի լինել: Եվ հետո, պարոն Մարտիրոսյան, ո՞վ է ասել, որ քաղաքաշինական ծրագրի իրականացումը պետք է կատարվի ծառերը ոչնչացնելու հաշվին:
Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի: Այս հարցում պետք է հետևողական լինել, համակողմանի ուսումնասիրել օրենսդրական դաշտը և օպերատիվ արձագանքել նման դեպքերին: Վարչական շրջանների ղեկավարներն ու բնապահպանության վարչությունն այս մասով շատ անելիք ունեն: Իսկ կոնկրետ տվյալ դեպքի մասով խստորեն հետևեք, որ օրինախախտն օրենքով սահմանված կարգով ենթարկվի պատասխանատվության», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը հանձնարարելով դեպքին առնչվող բոլոր արձանագրությունները փոխանցել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանն ու Երևան քաղաքի դատախազությանը՝ համապատասխան ընթացք տալու համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ