Տարոն Մարգարյան. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր դեսպաններին ու մեր այն համաքաղաքացիներին, ովքեր սիրով միացել են Երևանում հայտարարված ծառատունկին»

15.04.2017

Ապրիլի 15-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին, ավանդույթի համաձայն, մասնակցել են նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Ծառատունկին մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  Այս անգամ նոր տնկիներով է համալրվել նաև Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1.5 հա կազմող տարածքը: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած բոլոր մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ծառատունկին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի իր հոգատար վերաբերմունքն է արտահայտում Երևանի հանդեպ: 

«Արդեն մի քանի տարի է` բարի ավանդույթ է դարձել Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությունը համաքաղաքային ծառատունկերին: Սա, համոզված եմ, բարեկամության ամրապնդման լավագույն տարբերակներից մեկն է, ինչը նաև փաստում է, որ անկախ ազգային պատկանելիությունից ու քաղաքացիությունից, Երևանը հարազատ քաղաք է նաև մեր քաղաքում բնակվող բոլոր բնակիչների համար: Օգտվելով առիթից` իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին՝ հերթական անգամ մեր կոչին արձագանքելու և մեր կողքին լինելու համար, ինչպես նաև բոլոր մեր այն համաքաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք սիրով միացել են այսօր մայրաքաղաքում հայտարարված ծառատունկին և շաբաթօրյակին»,- նշել է քաղաքապետը:
Կարմիր բլուր հնավայրի հարակից այս հատվածում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվս մի քանի տարի, ու պուրակի հարակից հատվածը կլինի նաև ծառերով հարուստ: Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքներին` Երևանի քաղաքապետը նկատել է, որ որպես ծրագրային առաջնահերթություն` քաղաքապետարանի կողմից առանձնակի կարևորված է մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների վերականգնումն ու ընդլայնումը:
«Ինչպես տեսնում եք, այս անգամ ծառատունկն իրականացնում ենք Կարմիր Բլուրի տարածքում, որը նույնպես ներառված է մայրաքաղաքի բուֆերային կանաչ գոտիների վերականգնման ու ընդլայնման մեր 2016-2020թթ. ծրագրում: Ի դեպ, այդ ծրագրի շրջանակում ներառված են նաև Փարոսի բլուրը, Ծիծեռնակաբերդի անտառային գոտին, Եռաբլուրը, Հաղթանակի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիները, Նոր Նորքի Հայորդաց տան և Շամպայն-գինիների գործարանին հարող անտառ-պուրակները, ինչպես նաև Արգավանդի խճուղու հարակից տարածքը: Անշուշտ, սա չի նշանակում, որ միայն նշված վայրերն են մեր հատուկ ուշադրության կենտրոնում: Վստահ եմ, դուք էլ կփաստեք, որ վերջին տարիներին մեր կողմից ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվել, ինչի արդյունքում անցած շուրջ 5 տարիների ընթացքում մեզ հաջողվել է բարեկարգել ու ստեղծել 16 զբոսայգի, իսկ ոռոգելի տարածքներում էլ յուրաքանչյուր տարի միջինը 50 հազար ծառ և թուփ տնկել», - նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ կանաչ տարածքների ընդլայնման նպատակով յուրաքանչյուր տարի նաև մոտ 20 կիլոմետրով ավելացվում է մայրաքաղաքի ոռոգման ցանցը:
ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն իրենց հերթին նշել են, որ յուրաքանչյուր տարի մեծ սիրով են մասնակցում Երևանում հայտարարված ծառատունկին: Նրանք նաև նկատել են, որ այս նախաձեռնությունն ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով, ինչը հնարավորություն է տալիս իրենց սերն ու հոգատար վերաբերմունքն արտահայտելու Երևանի հանդեպ:

Առիթն օգտագործելով` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս անդրադարձել է ապօրինի ծառահատումների երևույթին, որի վերջին դեպքը մեկ շաբաթ առաջ էր գրանցվել:
«Բազմիցս ասել եմ, որ ապօրինի ծառահատման ցանկացած դեպք մեր կողմից խստորեն դատապարտվելու է: Դրան որևէ արդարացում չի կարող լինել, իսկ վերջին դեպքն ուղղակի վանդալիզմ էր, այլ կերպ դա չես անվանի: Եվ մենք հետամուտ ենք լինելու, որ մեղավորն օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի: Բոլորը պետք է գիտակցեն, որ ապօրինի ծառահատումը որևէ դեպքում չի արդարացվելու, և դրա համար պատասխանատվություն են կրելու», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Տարոն Մարգարյան. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր դեսպաններին ու մեր այն համաքաղաքացիներին, ովքեր սիրով միացել են Երևանում հայտարարված ծառատունկին»