ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Զարգացման և ներդրումային ծրագրեր

Վարչության գործառույթներ

Երևանի հնգամյա և միամյա զարգացման ծրագրերի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը՝ հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը՝ որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը: Զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը: Ծրագրերը բովանդակում են Երևանի սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակի վերլուծությունը, Երևանի գերակայությունները, քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրերի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Երևանի քաղաքապետը և ավագանին: Երևանի զարգացման ծրագրերը և դրանց հաշվետվությունները կազմում և ավագանուն է ներկայացնում քաղաքապետը։ Տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի են առնվում Երևանի զարգացման ծրագրերը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաստատումը և ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ նպատակ ունենալով վերջինիս միջոցով համապատասխան ոլորտներում ապահովել անհրաժեշտ ներդրումներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը՝ ստեղծելով քաղաքային բարելավված միջավայր:
Քաղաքային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավման և նորարարությունների իրականացման նպատակով քաղաքապետարանը համատեղ ծրագրեր է իրականացնում նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքամայր Երևանի զարգացման գործում:


Ամանորյա տոնավաճառ


Երևանի քաղաքապետարանը «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ 2012 թվանկանից սկսած կազմակերպում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ իրականացվող այս նախագիծը Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է։
Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ տաղավար–տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի, ինչպես նաև տաք գինի։ 2012թ. համեմատությամբ 2016թ. տաղավարների թիվը աճել է՝ 16-ից հասնելով 33-ի։ Տոնավաճառն ազդարարում է Ամանորյա տոների գալուստը, իսկ տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին։

 

Երևանյան կիսամարաթոն


Երևանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ անց է կացնում արդեն ավանդական դարձած «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը։ «Երևան Կիսամարաթոն»-ի նպատակն է նպաստել առողջ ապրելակերպի խրախուսմանը, սպորտով զբաղվելու մշակույթի ընդլայնմանը, ինչպես նաև աջակցել մայրաքաղաքում մարզական տուրիզմի զարգացմանը: Միջոցառումը նաև նպատակ ունի Երևանը գրավիչ դարձնելու սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ:
2017թ. հոկտեմբերի 15–ին՝ «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության միջոցառումների շրջանակում կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն»-ը մեկնարկել է Շահումյանի անվան հրապարակից` ընդգրկելով 21,1 կմ վազքատարածություն հետևյալ ուղերթով՝ Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Վարդանանց, Մանուկյան, Իսահակյան փողոցներ, Կասկադ համալիր, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Ձորափի փողոցներ (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի փողոցներ և վերջնագիծը՝ Վազգեն Սարգսյան փողոց: Մասնակիցների համար ըստ տարիքային խմբերի սահմանվել են 4 տարբեր մրցուղիներ՝ 21,1 կմ՝ 18 և ավելի տարեկանների համար, 10 կմ՝ 16 և ավելի տարեկանների համար, 5 կմ՝ 13 և ավելի տարեկանների համար, և 1 կմ՝ 7-12 տարեկանների համար, իսկ 5 կմ վազքատարածությանը մասնակցել են նաև հաշմանդամ վազորդներ: Մրցավազքին մասնակցել է շուրջ 2000 վազորդ՝ 33 երկրներից: Մրցուղիներում առաջին երեք տեղերն զբաղեցրած մասնակիցներն ստացել են դրամական պարգևներ, իսկ բոլոր մասնակիցները՝ վազքի շապիկներ և մեդալներ։
«Երևանյան կիսամարաթոնը» Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից ստացել է միջազգային կարգավիճակ: Մրցատարածությունների բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, ստացել են շապիկներ և մեդալներ։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անկացվող կիսամարաթոնը մշտապես սատարել է մանկական հաշմանդամության, անապահով ընտանիքների օգնության և կրթական ուղղվածություն ունեցող բարեգործական ծրագրերին։

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

«Քաղաքային կանաչ լուսավորություն»

 

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում կշարունակվի Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, որը մեկնարկել էր 2014թ.: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում 2005-2017թթ. իրականացված ցուցադրական ծրագրերի շրջանակներում 1250 լուսադիոդային լամպերով կահավորվեցին քաղաքի 25կմ երկարության 6 կարևոր մայրուղիներ (Իսակովի պողոտան՝ մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկը, Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը և Արշակունյաց պողոտան):
Այդ ծրագրի արդյունքները հիմնավորեցին, որ որակյալ և երաշխավորված լուսատուների ճիշտ ընտրության պարագայում կարելի է ապահովել մինչև 60% էներգախնայողություն, միաժամանակ ապահովելով լուսավորվածության նորմատիվային մակարդակ, ինչպես նաև շահագործման այլ ծախսերի նվազեցում:
Միաժամանակ Երևանի Քաղաքապետի 2015թ. հուլիսի 30-ի 2354-Ա հրամանով «Երքաղլույս» ՓԲԸ հիմնվեց առանձնացված հաշվեհամար, որտեղ փոխանցվում էր այդ ծրագրերի արդյունքում տնտեսված գումարը: Այդ խնայված միջոցները նույն տարում ներդրվում են նոր էներգաարդյունավետ լուսավորության ծրագրերի մեջ:
Իրականացվել են Երևանի կենդանաբանական այգու արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները՝ այգու վերանորոգման առաջին փուլի շրջանակներում: ՄԱԶԾ հետ համատեղ իրականացվում է նաև այգու լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքների երկրորդ փուլը: Ընդհանուր առմամբ ՄԱԶԾ-ԳԷՖ ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 167 ԼԴ լուսատու, 72 հազար դոլար ընդհանուր գումարով:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի համաձայն «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում գտնվող շենքի և Երևանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի շենքի ներշենքային լուսավորության համակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել է շենքերի լուսավորության ներքին համակարգի էներգաարդյունավետ վերազինում: Ձեռք են բերվել շուրջ 4285 լամպ և լուսատու, որից շուրջ 370-ը՝ որպես ռեզերվ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է տարեկան 78.4 տոննա CO2 կրճատումներ:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ


«Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոն


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: Միջոցառման նպատակն էր մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու մայրաքաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը քաղաքի օդի մաքրմանը նպաստելն է: Ծրագրին մասնակցում են ավելի քան 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ: Հարկ է նշել, որ Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է կլիմայական իր մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները մշակում են այդ մարտահրավերի հետ կապված լուծումներ:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

«Խելացի քաղաք» հաքաթոն


Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը, որի նպատակն էր Երևանի համար խելացի լուծումներ մշակելը: Հաքաթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիր



2012թ. նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր, համաձայն որի՝ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրով ցուցադրվել է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ներուժը՝ նպատակ ունենալով նպաստել նմանատիպ նախագծերի իրականացման փորձի տարածմանը: Ծրագրի նպատակներին հասնելու համատեքստում 2013թ. ընտրվել է կենտրոնացված ջեռուցման համակարգին միացված ՏՇԿ սերիայի շենք, գնահատվել է շենքի տեխնիկական վիճակը, ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի և համատիրության կողմից համատեղ բնակիչների շրջանում անց է կացվել հարցում, որի համաձայն շենքի բնակիչները համաձայնություն են տվել ցուցադրական ծրագրում իրենց շենքի ներգրավմանը:
Ծրագրով Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան 6 բազմաբնակարան բնակելի շենքի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքներն իրականացվել են 2013-2014թթ. ընթացքում, որոնք ներառել են. շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացում՝ արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինում, նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, տանիքի ջրամեկուսացում։ Բազմաբնակարան շենքի ջերմաարդիականացման այս փորձն առաջինն է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում:
ՄԱԶԾ կողմից իրականացված դիտարկմամբ՝ վերոնշյալ աշխատանքներից հետո ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Լուսանկարներ