Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին

05.05.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին: Ողջունելով գործընկերոջը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս այցն իր հերթին կնպաստի երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության և գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Քաղաքապետը նաև բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ հարաբերությունները Երևանի համար առանձնակի են կարևորված՝ հատկապես հաշվի առնելով երկու քաղաքների արդյունավետ ու հաջողված փոխգործակցությունը:

«Պարոն նահանգապետ, ուրախ եմ Ձեզ կրկին հյուրընկալել Երևանում, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ձևավորված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և աչքի են ընկնում իրենց խորը բարեկամական անշահախնդրությամբ: Այս հարցում, անշուշտ, մեծ է Ձեր անձնական ներդրումը, և ես վստահ եմ, որ այսօր Ձեզ հետ քննարկելով երկու քաղաքների միջև իրականացվող ծրագրերի ընթացքը` կնախանշենք առաջիկա մեր անելիքները», - ընդգծել է Երևանի քաղաքապետն ու նկատել, որ «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները, որոնք այս օրերին անց են կացվում Երևանում, կնպաստեն երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն իր հերթին նշել է, որ Երևանի հետ հարաբերությունները Սանկտ Պետերբուրգի համար միշտ էլ կարևոր ու հեռանկարային են եղել և որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման լայն հնարավորություններ ունի:
«Պարոն քաղաքապետ, համոզված եղեք, որ Երևանը Սանկտ Պետերբուրգի համար կայուն և վստահելի գործընկեր է, և հաճելի է արձանագրել, որ մեր գործընկեր քաղաքն իսկապես կայուն զարգացում ունի: Ասում են` կատարելությունը սահմաններ չունի, և վստահ կարող եմ ասել, որ այսօրվա Երևանի դեպքում դա իսկապես ճիշտ է: Ես այսօր տեսնում եմ ավելի բարեկարգ ու գեղեցիկ քաղաք, տեսնում եմ նոր ճանապարհներ ու լուծումներ, ինչպես նաև ընթացող շինարարություն, ինչը լավագույնս փաստում է, որ Երևանն ապրում ու զարգանում է և ունի զարգացման լավ հեռանկարներ: Լինելով խոշոր քաղաքի ղեկավար` ինձ համար, պարոն քաղաքապետ, հենց դա՛ է պատասխանատու քաղաքային իշխանության չափանիշը, և ես ուրախ եմ, որ երևանյան մեր գործընկերները գնում են նույն ճանապարհով, ինչ Սանկտ Պետերբուրգը: Մենք միասին պետք է շարունակենք մեր համատեղ ծրագրերը և փորձի փոխանակումը: Ձեզ մոտ կան ընդօրինակման ենթակա ծրագրեր, մասնավորապես քաղաքի բարեկարգմանն ուղղված ծրագրերի մասին է խոսքս: Համոզված եմ, որ կլինեն նաև Սանկտ Պետերբուրգում հաջողությամբ իրականացված ծրագրեր, որոնք կհետաքրքրեն Երևանին ու Դուք Ձեր թիմով այն կյանքի կկոչեք այստեղ»,- նշել է Գեորգի Պոլտավչենկոն: Նա հավելել է, որ վերջին 3 տարիների համագործակցությունը եղել է իսկապես արդյունավետ, փոխշահավետ, ու վստահեցրել, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ երկուստեք փոխգործակցությունն էլ ավելի ընդլայնելու և ամրապնդելու համար:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ