Տարոն Մարգարյան. «Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ անում եք առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ Երևանը»

14.10.2017

«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների շրջանակում Կասկադ համալիրի հարակից տարածքում կազմակերպվել է «Երևան՝ սիրո քաղաք» խորագրով տոնական համերգ: 

Միջոցառմանը ներկա երևանցիներին, մայրաքաղաքի տոնի առիթով Երևան ժամանած պատվիրակությունների անդամներին ու հյուրերին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես ասել է.
«Համայն հայության մայրաքաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2799-ամյակը: Տոնում ենք «Երևան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո, քանի որ Երևանը սիրո, ջերմության ու փոխադարձ հարգանքի շնչով առլեցուն է մի՛շտ: Հենց այդ սիրո, փոխադարձ հարգանքի և ջերմության շնորհիվ է, որ Երևանը տարեցտարի ավելի վստահ ու հպարտ է ներկայանում մեզ ու աշխարհին՝ ամրապնդելով իր տեղն ու դերը դինամիկ զարգացող մայրաքաղաքների շարքում։
Եվ սա ուղղակի խոսքեր չեն, որ ասվում են ծննդյան տոնի առիթով: Սա փաստ է, որն իրենց մասնագիտական գնահատականներով ամրագրել են միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպություններ: Երևանն աշխարհում այսօր ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, ջերմ ու բարի, հյուրընկալ քաղաք: Եվ սա գնահատական է, որ տրվել է մեր սիրելի քաղաքին, մեզ բոլորիս: Այո՛, բոլորի՛ս, քանի որ Երևանի յուրաքանչյուր ձեռքբերումը մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է:
Առիթն օգտագործելով` իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ, սիրելի՛ համաքաղաքացիներ: Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու բացառիկ կարողությամբ անում եք առավելագույնը, որ համայն հայության մայրաքաղաք այցելող յուրաքանչյուր ոք տեսնի՛, լսի՛, զգա՛ ու սիրի՛ Երևանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաջորդ տարի միասին նշելու ենք մեր սիրելի քաղաքի հիմնադրման հոբելյանական 2800-ամյակը: Անշուշտ, ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել նման պատկառելի հոբելյաններ, բայց, որ ամենակարևորն է, սա համայն հայության ու մեր բարեկամ քաղաքների շնորհիվ աշխարհին արժանապատիվ ներկայանալու հրաշալի հնարավորություն կլինի՝ հերթական անգամ ապացուցելով, որ Հայաստանն աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիքն է, Երևանը՝ համայն հայության մայրաքաղաքը: Շնորհակալ եմ բոլորիդ այս տոնին սրտանց մասնակցելու, Երևանին սրտակից լինելու համար:
Վայելենք ա՛յս օրն ու ի սրտե ասենք.
Շնորհավո՛ր տոնդ, սիրո՛ քաղաք,
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն»:
Այնուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի աջակցությամբ, հայ էստրադայի սիրված երգիչները` կենդանի կատարումներով, իրենց սերն են խոստովանել հարազատ քաղաքին: Տոնական համերգը եզրափակվել է մայրաքաղաքին նվիրված նոր «Երևան՝ Սիրո քաղաք» երգի կատարումով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ