Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ու ընդլայնվել

08.09.2017

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում երկու քաղաքների մշակութային քաղաքականության պատասխանատուների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում: Կողմերը մասնավորապես անդրադարձել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին` միևնույն ժամանակ ընդգծելով այն ուղղությունները, որոնք ևս կարևոր դերակատարում կարող են ունենալ երկու քաղաքների մշակութային կյանքի աշխուժացման համար: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի մշակութային օջախների միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումը, համատեղ միջոցառումների կազմակերպումն ու տաղանդաշատ սաների փոխայցելությունների կազմակերպումը: Պետերբուրգյան գործընկերներին ներկայացնելով նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային օջախներում իրականացվող ծրագրերը` Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ վերջին տարիներին հետևողական աշխատանքներ են տարվում համայնքային ենթակայության մշակութային օջախների շենքային պայմանների բարելավման ու երաժշտական նոր գործիքների ձեռքբերման ուղղությամբ՝ ընդգծելով, որ մշակույթի ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի հատուկ հոգածության ներքո:
Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի ամրապնդումն ու ընդլայնումը՝ նկատելով, որ Սանկտ Պետերբուրգում Երևանի և Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի բարձր մակարդակով անցկացումը, որոնց շրջանակում մեծ դերակատարում է վերապահված մշակութային բաղադրիչին, երկու քաղաքների մշակութային սերտ համագործակցության ամենախոսուն վկայությունն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ