Երևանում հյուրընկալել են Սանկտ Պետերբուրգից ժամանած աշակերտներին

16.11.2017

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում Սանկտ Պետերբուրգի հ. 619 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են Երևան՝ ծանոթանալու մայրաքաղաքի պատմությանը և մշակութային կյանքին:

Երևան քաղաքի պատմության թանգարանում նրանց ընդունել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: Երևանի քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին՝ Աննա Ստեփանյանը կարևորել է ՀՀ մայրաքաղաքի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև համագործակցության շրջանակում իրականացվող նման միջոցառումները, որոնք նպաստում են երկու քաղաքների միջև մշակութային և կրթական կապերի ամրապնդմանը, աշակերտների գիտելիքների փոխհարստացմանը:
Երևան քաղաքի պատմության թանգարանում հյուրերը ծանոթացել են մայրաքաղաքի դարավոր պատմությանն ու մշակույթին, ապա անակնկալ մատուցել հյուրընկալող կողմին՝ երգելով Երևանի հիմնը: Այնուհետև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ սանկտպետերբուրգցի աշակերտները և ուսուցիչները «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով զբոսնել են մայրաքաղաքի փողոցներով:
Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերը Երևանում կհյուրընկալվեն մինչև նոյեմբերի 20-ը: Այդ ժամանակահատվածում նրանք կծանոթանան մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին, կայցելեն Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան, ինչպես նաև Երևանի Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցի իրենց հասակակից հայ աշակերտների հետ կմասնակցեն համատեղ դասերի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին