Համաժողով՝ նվիրված Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցությանը

10.11.2016

«Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում անցկացվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև երկկողմ համագործակցության հարցերի հետ կապված համաժողով: Բացմանը ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան՝ քաղաքային իշխանության տարբեր ոլորտիների պատասխանատուների հետ, Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանն ու Արամ Սուքիասյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը, Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ընդգծել է երկու քաղաքների միջև համագործակցության զարգացման կարևորությունն ու այս ուղղությամբ երկկողմ կապերի ընդլայնումը:
«Երկու քաղաքների միջև կնքված համագործակցության ծրագրով Երևանի քաղաքապետարանն ակտիվորեն փոխգործակցում է Սանկտ Պետերբուրգի հետ, և այս ընթացքում համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հատկապես ակտիվ է համագործակցությունը կրթական և մշակութային ծրագրերով. փոխայցեր, միջոցառումներ: Մայրաքաղաքում անցացվող պետերբուրգյան օրերը համագործակցության զարգացման կարևոր հարթակ է` քննարկելու համատեղ նոր ծրագրեր, որոնք կունենան գործնական ընթացք և կյանքի կկոչվեն: Վստահ եմ, որ հանդիպումները կլինեն արդյունվետ և մոտ ապագայում կխոսենք արդեն արված աշխատանքային նոր նախագծերի մասին»,-նշել է Դավիթ Օհանյանը:
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայան իր հերթին շնորհակալություն է հայտնել համաժողովի անցկացման համար՝ նշելով, որ այն համագործակցության զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև:
«Այս տարիների ընթացքում իսկապես մեծ աշխատանք է արվել մասնավորապես հումանիտար ծրագրերով: Մեր երկու քաղաքներն այսօր արդեն ունեն իրականացված համատեղ ծրագրեր, որոնք նոր պայմանավորվածություններով կշարունակվեն նաև առաջիկայում»,-նշել է Օլգա Կազանսկայան:
Համաժողովի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանտուները հանդես են եկել երկու քաղաքների ներդրումային ծրագրերի զարգացման, կրթական, մշակութային, առողջապահական և էլեկտրոնային կառավարման նորագույն տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների վերաբերյալ զեկույցներով և ներկայացրել համատեղ իրականացված ծրագրերն ու նշված ուղղություններով փոխգործակցության զարգացման հնարավորությունները:
Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով կկազմակերպվեն գործնական հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ՝ կլոր-սեղաններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին