Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանի գրադարանային համակարգի աշխատակիցներին

06.10.2017

Գրադարանավարի օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանային համակարգի աշխատակիցներին: 

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն առաքելությունը, որն իրականացվում է գրադարանային համակարգի աշխատակիցների կողմից՝ հատկապես մատաղ սերնդի շրջանում գրի ու գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունը պահպանելու ուղղությամբ:
«Ձեր առաքելությունը կարևորելով` մենք ծրագրային հստակ մոտեցում ցուցաբերեցինք և կարողացանք ամբողջությամբ լուծում տալ համայնքային գրադարանների պայմանների բարելավման տասնամյակների խնդրին: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքի գրադարանների արդիականացման, համալրման և տեխնիկական հագեցվածության ապահովման ծրագրերը, որպեսզի թե՛ ձեր և թե՛ գրադարանային ծառայություններից օգտվող մեր համաքաղաքացիների համար ապահովվեն լիարժեք պայմաններ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բոլորին մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Գրադարանավարի օրվա առթիվ, գրադարանային գործի զարգացման մեջ ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար «Նոր Նորքի կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրեն Նազենի Արզումանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին