...
  • РУС
  • ENG
...
  • Քաղաքապետարան
  • Տեղեկատու
  • Ծառայություններ
  • Մեր քաղաքը
  • Կապ
  • Քաղաքային իշխանություն
  • Քաղաքային տնտեսություն
  • Զարգացման ծրագրեր
  • Նորություններ
  • «Երևան» հեռուստահաղորդում
  • Իրավական ակտեր
  • Հայտարարություններ
  • Իրազեկումներ
  • Հանրային հավաք
  • Աճուրդներ
  • Գնումներ
  • Մրցույթներ
  • Աշխատանք
  • Մեկ պատուհան
  • Հարկեր / Վճարումներ
  • Համակարգեր / Թույլտվություններ
  • Թույլտվությունների հաշվիչ
  • Ընդհանուր տեղեկություններ
  • Պատմություն
  • Մշակույթ
  • Ժամանցի վայրեր
  • Հետադարձ կապ
  • Զանգերի սպասարկում
  • Քաղաքացիների ընդունելություն
  • Ազդարարման պատասխանատուներ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ
  • Քաղաքապետարան

    • Քաղաքային իշխանություն
    • Քաղաքային տնտեսություն
    • Զարգացման ծրագրեր
    • Նորություններ
    • «Երևան» հեռուստահաղորդում

  • Տեղեկատու

    • Իրավական ակտեր
    • Հայտարարություններ
    • Իրազեկումներ
    • Հանրային հավաք
    • Աճուրդներ
    • Գնումներ
    • Մրցույթներ
    • Աշխատանք

  • Ծառայություններ

    • Մեկ պատուհան
    • Հարկեր / Վճարումներ
    • Համակարգեր / Թույլտվություններ
    • Թույլտվությունների հաշվիչ

  • Մեր քաղաքը

    • Ընդհանուր տեղեկություններ
    • Պատմություն
    • Մշակույթ
    • Ժամանցի վայրեր

  • Կապ

    • Հետադարձ կապ
    • Զանգերի սպասարկում
    • Քաղաքացիների ընդունելություն
    • Ազդարարման պատասխանատուներ
    • Հղումներ
    • Կայքի քարտեզ

  • РУС
  • ENG
ընդլայնված որոնում
Փակել
  1. Գլխավոր
  2. Հին Երևան
  3. Հայաստանի մայրաքաղաքները
Երևանյան քարայր Երևանը 6000 տարեկան է /Տեսակետ-առաջարկ Երևանի տարիքի վերաբերյալ/ Հայաստանի մայրաքաղաքները XX դարասկզբի Երևանը լուսանկարներում Հին Երևանի տոները Հին Երևանի երաժշտական կյանքը Կրկեսային արվեստը հին Երևանում Հին Երևանի մամուլը Կանանց կրթությունը Երևանում Հին Երևանի առողջապահությունը Երևանի ձիաքարշը Կաշեգործությունը հին Երևանում Հին Երևանի արհեստները Հին Երևանի առևտրական դասը

Պատմաբանները հաշվել են Մեծ Հայքի 12 մայրաքաղաք` չներառելով Ծոփքի, Կոմմագենեի, Կիլիկիայի, Փոքր Հայքի, հայկական պետական այլ միավորների ոստանները: Նրանք պնդում են, սակայն, որ հայոց պետականության արմատները շատ ավելի խոր են, նշանակում է` այլ մայրաքաղաքներ էլ են եղել, որոնց մասին կիմանանք մոտ ապագայում: Բոլոր այդ քաղաքները հայոց պատմության անբաժանելի մասն են, պետականության խորհրդանիշները: Պատահական չէ, որ մեր նորօրյա ոստանի քաղաքապետարանի շենքի ճարտարապետության գլխավոր տարրերից են բոլոր մայրաքաղաքների հուշասյուները: Մայրաքաղաքի դերում Երևանին նախորդել են Մեծ Հայքի հետևյալ քաղաքները:

 

 

Վան
Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ: Հայտնի է, որ Սարդուրի Ա թագավորը, ով իշխել է մ.թ.ա. 840-825թթ., այստեղ է տեղափոխել արքունիքը և կառուցել Շիվինիի՝ արևի աստծո տաճարը։ Արևի սկավառակը գլխից վեր պահող աստծո կինն էր Տուշպուեան (քաղաքի անվան տարբերակներից մեկը)։
Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը պետք է որ առատ ջուր ունենար, և մ.թ.ա. 8-րդ դարում անց է կացվում 70-80 կմ.երկարությամբ վիթխարի ջրանցք: Վերջինս, սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբյուրներից, անցնում էր լեռնալանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ:
Ջրանցքն իր ժամանակի համար եզակի կառույց էր, ուներ 4,5մ լայնք և 1,5մ խորք:
Մենուա 1-ինի (մ.թ.ա. 810-786) ջրանցքը, որ կառուցվելուց 28 դար հետո էլ բանեցնում էր 40 ջրաղաց, սերունդների համար չպահեց Մենուայի անունը և նրա փառքը բաժին ընկավ Շամիրամին:
Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող Բաբելոնի հռչակավոր կախովի այգի է եղել նաև Հայաստանում` Վանում, և այդ հրաշագործության հեղինակը կրկին Մենուա Առաջինն էր:
Ռուսա Առաջինի թագավորության տարիներին ¥մ.թ.ա. 735-713¤ Վանն այնքան բազմամարդ և հսկա քաղաք էր, որ միայն արքունիքում ապրում էր 5507 մարդ: Պահպանվել է Ռուսայի պալատական անձնակազմի ցուցակը, ըստ որի` այնտեղ բնակվում էին 1113 անվանի անձինք կամ պալատական, 3784 պաշտոնյա, 152 ծառայող, 10 գինեգործ, 400 այլ անձինք, ըստ երևույթին` զինվորներ, արհեստավորներ, ախոռապետեր և ջորեպաններ, սպասավորներ:
Հայոց հերթական գահակալ տոհմի` Երվանդունիների արքայանիստը ևս մինչև մ.թ.ա. 331-ը եղել է Վանը:
10-11 դդ. ևս Վանը արքայանիստ էր: Գագիկ Արծրունին 908-ին հիմնում է Վասպուրականի թագավորությունը և մայրաքաղաք հռչակում Վանը: Քաղաքի թագավորանիստ կարգավիճակը պահպանվում է մինչև Վասպուրականի թագավորության անկումը` 1021թթ.:
Այժմ այն Թուրքիայի ծայրամասում գավառական խղճուկ քաղաք է:

Արմավիր
Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ գտնվող բլրի գագաթին պահպանվել են Արմավիր քաղաքի բաց կապտավուն, հղկված բազալտե պարիսպները, պալատների, տաճարների և այլ շինությունների հիմքերն ու հետքերը: Պեղումներն ի հայտ են բերել նաև հում աղյուսից կառուցված սենյակների մի ողջ համալիր: Պահպանվել են շուրջ 3 մետր բարձրության հողագույն պատերը: Հռչակավոր Սոսյաց անտառն այստեղ է եղել։
Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին: Արգիշտի թագավորի սեպագիր արձանագրությունն այս տեղանքում հիշատակում է Արգիշտիխինիլի քաղաքը։  Արմավիրի հիմնավայր Արգիշտիխինիլին կառուցվել, ընդարձակվել ու բարեկարգվել է շուրջ 200 տարի և ժամանակի մեծ քաղաքներից էր, տնտեսական, մշակութային, հոգևոր նշանավոր կենտրոն: Քաղաքն արվարձաններով հանդերձ զբաղեցրել է մոտ 1000 հա: Ենթադրվում է, որ այնտեղ բնակվել է շուրջ 30.000 մարդ: Քաղաքի պարիսպների հաստությունը հասնում էր 3,5 մետրի, իսկ Արգիշտիի փորած ջրանցքների ընդհանուր երկարությունը մոտ 40 կմ էր, միջին խորությունն ու լայնքը` 2-ական մետր:
1985թ. պեղումների ժամանակ Արմավիրում հայտնաբերվեց էլամերեն երեք սեպագիր սալիկ. դրանք հանրահայտ <<Գիլգամեշ>> էպոսի բեմականացումից հատվածներ էին: Մինչ այդ էպոսը հայտնի էր քառալեզու արձանագրություններով: Ենթադրվում է, որ էպոսը բեմադրվել է մ.թ.ա. 760թ. Արմավիրում, Սարդուր Երկրորդի գահակալման և ամուսնական հանդեսների ժամանակ: Հնարավոր է, որ այդ բեմադրությունն ավելի հին լինի: Այսպիսով, Հայաստանում թատրոնն սկզբնավորվել է ոչ թե Արտաշատում, այլ Արմավիրում և շարունակվել դարեր: Վերջինս հաստատում են նաև Արմավիրի հունարեն արձանագրությունները, որոնցից մեկը մ.թ.ա. 7-րդ դարի հույն գրող Հեսիոդոսի <<Գործեր և օրեր>> երկին առնչվող հատված է:
Երվանդունի արքայատան Երվանդ Վերջին թագավորի կարգադրությամբ, ով, ըստ Խորենացու, գահակալել է շուրջ 20 տարի (մ.թ.ա. 220-201թթ.), մայրաքաղաքը տեղափոխում է Երվանդաշատ: Արմավիրն անբնակ է դարձել 13-րդ դարում՝ մոնղոլական արշավանքների հետևանքով։ Հարյուրամյակներ անց հյուսիսային Կովկասի չերքեզական գյուղերում ապրող հայերը նոր քաղաք հիմնեցին և 1848թ. կոչեցին Արմավիր։

Երվանդաշատ
Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից: Շատ ավելի կարևոր էր ռազմաքաղաքական նշանակությունը: Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով ամրացնում քաղաքի մուտքերը, մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի երկարատև պաշարման պարագայում հնարավոր լինի գետի ջրից օգտվելը: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի որձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով։
Նոր մայրաքաղաքին շատ մոտ` Արաքսի աջ ափին, Երվանդ թագավորը կառուցում է նաև Երվանդակերտ դաստակերտը, որտեղ բնակվում էր արքայական ընտանիքը:
Մ.թ. IV դարում պարսից արքա Շապուհի զորքերը հիմնահատակ ավերեցին քաղաքը։

Արտաշատ
Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում: Տեղանքի ընտրությունը Պլուտարքոսը վերագրում է Կարթագենի աշխարհահռչակ զորավար Հաննիբալին: Քաղաքը <<Հայկական Կարթագեն>> էին անվանում ժամանակակիցները. եղել է խոշորագույն և գեղեցկագույն բնակավայր: Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայական պարիսպներով, բայց շուտով բնակավայրն այնքան է տարածվում, որ դաշտավայրով մեկ փռվում են արվարձաններն ու այգիները: Կառուցվում են բազմաթիվ պալատներ ու տաճարներ, ինչպեսև քաղաքի պահապանին` Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյան:
Քաղաքն ուներ ջեռուցվող բաղնիքներ. կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք:
Քաղաքի միջնաբերդը Խոր վիրապի բլրի վրա էր և ուներ երկշար պարիսպ: Այստեղ էր արքունի դղյակը, նաև նշանավոր բանտը` այն հսկայական քարապատ փոսը (խորությունը 6 մ)` Խոր վիրապը:
Տիգրան Մեծի օրոք Արտաշատը որոշ չափով զրկվում է մայրաքաղաքային գործառույթներից, բայց ծաղկումը շարունակվում է, քաղաքը դառնում է ավելի բազմամարդ: Զարգացումը շարունակվում է նաև Տիգրանի որդի Արտավազդ արքայի օրոք: Ըստ երևույթին, հենց նա է կառուցել Արտաշատի ամֆիթատրոնը:
Արտաշատում շրջանառվել են քաղաքային դրամներ` <<Արտաշատ մայրաքաղաք>> մակագրությամբ և պահապան աստվածուհու` Անահիտի պատկերով: Դրանք հայտնաբերվել են պեղումների ժամանակ: Գտածոն հուշում է, որ Արտաշատն ունեցել է քաղաքային ինքնավարություն:
Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր. քաղաքով էր անցնում հռչակավոր <<Մետաքսի ուղին>>: Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ <<գործոց տներ>>, որոնցում պատրաստում էին զենք ու զրահ, շքեղ զգեստներ, կահկարասի, պերճանքի առարկաներ, ոսկյա զարդեր, բրուտագործական և մետաղագործական արտադրանք, ապակյա անոթներ, սրվակներ: Արտաշատի հատուկ թաղամասում մշակվում էր որդան կարմիր ներկը:
Հռոմեացիների, ապա պարսիկների արշավանքների ընթացքում քաղաքը մի քանի անգամ ավերվում է և արդեն 7-րդ դարում հիշատակվում որպես փոքրիկ բնակավայր, արաբների բնորոշմամբ` <<որդան կարմիրի գյուղ>>:
Այժմ Արարատի մարզի կենտրոն է։

Տիգրանակերտ
Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։  Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց:
Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները:

Վաղարշապատ
Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:
Քաղաքի միջնաբերդը մոտավորապես զբաղեցնում էր այժմյան Էջմիածնի վանքի պարսպապատ տարածքը: Այնտեղ էին թագավորի պալատը, Անահիտ աստվածուհու տաճարը, պետական և հասարակական շենքները, զորանոցները, բանտը, բաղնիքը և այլն: Քաղաքն ուներ հզոր աշտարակներով պարիսպներ, որոնցից դուրս էին մնում որոշ արհեստանոցներ, անտիկ տաճարը և գերեզմանոցը: Տաճարը, ըստ երևույթին, նվիրված էր արևի աստված Միհրին և գտնվում էր Հռիփսիմեի եկեղեցու տեղում:
Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը Վաղարշապատում են հիմնել հայոց առաջին նոր դպրոցը: Առաջին մատենադարանը ևս այստեղ է հիմնվել: 13-15-րդ դդ. քաղաքը կոչվել է Էջմիածին` Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար սբ. Էջմիածնի անունով:
Ներկայումս կրկին վերանվանվել է Վաղարշապատ։

Դվին
Ժամանակի խոշորագույն քաղաքներից էր, Արտաշատից ոչ հեռու։ Հայտնի էր տարբերակներով. հայերեն հնչել է Դուին, Դվին, արաբները կոչել են Դաբիլ, Ադաբին, հույները՝ Դուվիյ։ Նույնիսկ Արարատյան դաշտը և Արաքս գետը երբեմն հիշատակվում են Դվին անունով։ Դվինի տեղում բնակավայր է եղել մ.թ.ա. V հազարամյակում։ Պահպանվել են մ.թ.ա. 2-1-րդ հազարամյակների կիկլոպյան պարիսպների հետքեր: Հայտնաբերվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կրոնական շինությունների մնացորդներ և առարկաներ, դամբարանադաշտ` քարե արձանների ու քանդակների բեկորներով:
Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք: Խոսրովը քաղաքի կլիման բարելավելու համար, քանի որ տեղանքը շոգ էր և անտառազուրկ, հիմնում է հսկայազանգված անտառներ և դրանք դարձնում արքայական որսատեղի: Այսօր էլ այդ անտառը կա և հայտնի է հիմնադրի անունով: Խոսրովի հաջորդները մի քանի դար շարունակում են մայրաքաղաքի կառուցապատումը: Միջնաբերդի պեղումների ժամանակ բացվել է սրբատաշ քարով սյունազարդ մի մեծ դահլիճ: Ենթադրվում է, որ դա էլ հենց Արշակունի թագավորների գահանիստ սրահն է, որի հատակին դեռևս նկատելի է աստիճանավոր այն բարձրությունը, որին դրվել է արքայական գահը:
Դվինը եղել է ժամանակի խոշորագույն քաղաքներից: Միջնաբերդն օղակված էր հզոր պարիսպներով, որոնց շուրջը կառուցված էր ստորին բերդը. դրանց միջև ընկած տարածքում բնակվում էին բարձրաշխարհիկ մարդիկ, պաշտոնյաներն ու զինվորականությունը: Ստորին բերդի պարիսպներն ահռելի չափերի են եղել` 12-15 մետր հաստությամբ և 15-20 մետր բարձրությամբ, իսկ պարսպի չորս անկյուններում հզոր աշտարակներն էին: Յուրաքանչյուր 40 մետրի վրա կառուցված էին հսկա բուրգեր, ընդհանուր առմամբ ` 30-ից ավելի: Պարիսպներից դուրս եղել է 5-6 մետր խորություն և 30-50 մետր, տեղ-տեղ` 65-70 մետր լայնքով խրամ, որը լցվել է Ազատ գետի ջրերով: Քաղաքի բոլոր թաղամասերը շրջակա լեռներից կավե խողովակներով ջուր են ստացել:
Ծաղկման տարիներին Դվինն ունեցել է 150 հազարից ավելի բնակչություն: Քաղաքը եղել է զարգացած արհեստագործության կենտրոն: Դվինցի ոսկերիչների վարպետության վկայությունն են հայտնաբերված օձագլուխ ապարանջանները, շղթայաձև մանյակները, մատանիները, ականջօղերը, արծաթյա գոտիներն ու սափորները: Իսկ խեցեգործությունն ու բրուտագործությունն այնքան էին զարգացել, որ վարպետները պատրաստում էին նույնիսկ 1000 լիտր տարողության կարասներ:
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս ավերել են զավթիչները, հատկապես տուժել է աղետներից, որոնցից ամենաավերիչը 893թ. երկրաշարժն էր:
Այժմ Դվինի հողածածկ ավերակները փռված են Արտաշատին հարող մի շարք գյուղերի տարածքում:

Բագարան
Ախուրյանի աջ ափին՝ Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։ Բագարանն ուներ հաստաբեստ պարիսպներով միջնաբերդ, որի շուրջ տարածված էր քաղաքը: Այստեղ էին Բագրատունիների ապարանքներն ու տոհմական դամբարանը, եկեղեցիներ, որոնցից նշանավորը սբ. Թեոդորոսն է: Ձորում և հանդիպակաց բլուրների վրա պահպանված շինությունների փլատակները, ինչպես և հինգ եկեղեցիների գոյությունը վկայում են, որ քաղաքը հիանալի կառուցապատված ու բազմամարդ է եղել:
Բագրատունյաց թագավորության անկումից հետո քաղաքն ավերում են սելջուկ-թուրքերը, իսկ 1394թ.` Լենկ Թեմուրի հրոսակախմբերը։ Բագարանի փառքը չի վերականգնվել. 20-րդ դարասկզբին այն սովորական գյուղ էր՝ 800 բնակչով։ Առաջին համաշխարհային պատերազմում գյուղն ավերվեց ու լքվեց։ Հրաշքով փրկված բնակիչներն Արաքսի ձախ ափին հիմնեցին ներկայիս Բագարան գյուղը։

Շիրակավան
Շիրակավանն (Երազգավորս) Անիից ոչ հեռու` Ախուրյանի աջ ափին է: Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։ Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավան անունն աղավաղվել է, դարձել Շորագյալ (հենց այս անունով էլ բնակավայրի անունը հիշվում է Հովհ. Թումանյանի <<Գելը>> պատմվածքում)։
Այդ տարածքում բնակավայր է եղել դեռևս մ.թ.ա. 3-2-րդ դարերում: Բագրատունյաց օրոք այնտեղ կար ամրոց, պաշտպանական այլ կառույցներ, իսկ 3կմ հեռավորության վրա Տիգնիս նշանավոր ամրոցն է, որ հետագայում դարձավ Անիի պաշտպանության կարևոր հենակետը: Սելջուկ-թուրքերի և մոնղոլ-թաթարների արշավանքների հետևանքով, ի թիվս այլ բնակավայրերի, ավերվում ու թալանվում է նաև Շիրակավանը և հետագայում պատմագրությունում հիշատակվում է արդեն որպես գյուղ:
1920թ. Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է, մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում։

Կարս
Հնուց ի վեր Վանանդի նշանավոր նախարարական տան աթոռանիստն էր: Կարսի ապստամբ իշխանից Բագրատունիները խլում են նրա տիրույթները` ներառյալ աթոռանիստ Կարսը: Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք: Թագավորական պալատներն ու այլ շինությունները միջնաբերդում էին: Աբասը Կարսագետի ափին կառուցում է նաև սբ. Առաքելոց մայր եկեղեցին: Երբ Աշոտ Ողորմած արքան /953-977թթ./ մայրաքաղաքը 961թ. փոխադրեց Անի, նրա եղբայր Մուշեղ Բագրատունին իրեն հռչակեց Կարսի թագավոր: Թագավորության անկումը թվագրված է 1065. սելջուկ-թուրքերի անընդհատ արշավանքները Գագիկ Կարսեցի արքային հարկադրում են քաղաքը և շրջակա տիրույթները հանձնել Բյուզանդիային և տեղափոխվել Կապադովկիա:
Կարսը արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, ուներ ամրակուռ բերդ, որ ավերվել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1828թ. ռուսները գրավել են Կարսը, սակայն 1921թ. այն կրկին հանձնել են Թուրքիային։

Անի
Անին գտնվում է Շիրակում` Ախուրյանի աջ ափին: Բնականից անառիկ այս սարահարթում բնակավայր է եղել դեռևս վաղնջական ժամանակներում, ինչի վկայությունը կիկլոպյան շինությունների մնացորդներն են: Այն բլուրը, որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր, դեռ Կամսարականների օրոք (4-րդ դար) պարսպապատված էր. այնտեղ էր նրանց իշխանանիստ ամրոցը: Կամսարականներն արաբների դեմ ապստամբությունից հետո (773-75թթ.) հեռանում են Բյուզանդիա, իսկ նրանց տիրույթները անցնում են Բագրատունիներին: 961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Մայրաքաղաք հռչակվելուց ընդամենը 2-3 տարի անց թագավորը կառուցում է Անիի ներքին պարիսպը: Ենթադրվում է, որ նրա օրոք է անցկացվել ջրմուղը և վերակառուցվել Կամսարականների պալատը: Անին կառուցապատվել է աննախընթաց արագությամբ: Հաջորդ` Սմբատ Երկրորդ թագավորը ընդարձակված քաղաքը պարփակում է պարիսպների նոր շարքով` մոտ երկուսուկես կմ երկարությամբ և 8-10մ բարձրությամբ: Արտաքին կողմում փորված էր մոտ 500 մետր երկարությամբ ու 10-12 մետր լայնքով խոր խանդակ, որը լցված էր ջրով և, բացի պաշտպանականից, օգտագործվում էր նաև գյուղատնտեսական նպատակներով: Անիի պաշտպանական համակարգ էին ներառված նաև միջնաբերդը, Աղջկաբերդը, այլ պարսպահատվածներ, արվարձանային ամրություններ: Անիի պարիսպներն ունեին 80-90 բուրգ, որոնցում կային զորանոցներ ու պահականոցներ: Անիի զինանշանը` վազող հովազի բարձրաքանդակը, պատկերված էր Ավագ դռան վրա: Պաշտպանական պակաս կարևորություն չունեին նաև կամուրջները: Միայն Ախուրյանի վրա տասը կամուրջ է եղել` շարժական և երկու կողմից կրկնահարկ պարիսպներով:
Այս ամենից բացի, կար նաև ստորերկրյա Անի, որն ուներ ռազմական, պաշտպանական նշանակություն. դրա սրահներն ու գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին:
Քաղաքը շատ խիտ էր կառուցապատված. տները, սովորաբար, մեկուկես, երկհարկանի էին, բաղկացած 3-6 բնակելի և օժանդակ սենյակներից: Գլխավոր փողոցի լայնքը 4-5 մետր էր, մայթերին քարե նստարաններ կային: Այստեղով էր անցնում քաղաքի ջրմուղի հիմնական գիծը: Անիի ջրմուղը միջնադարի համար մի խիստ բարդ համակարգ էր` կավե և երկաթե խողովակներով: Դրանք սնուցում էին Անիի 6 բաղնիքները:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:
Անին միջազգային առևտրական ուղիների կարևոր հանգույց էր: Օտարերկրացիներին ապաստան տալու համար Անիում կար 10-15 հյուրանոց: Քաղաքը հայտնի էր բազմատեսակ արհեստներով, այդ թվում` ապակեգործությամբ. այստեղ արտադրվում էին գավաթներ, սրվակներ, բաժակներ, ափսեներ, բյուրեղապակյա իրեր: Քաղաքն ունեցել է մի քանի շուկա. պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև քարաշեն խանութների երկու շարք:
Անիում կային նաև մատենադարաններ` արքունիքում, բարձրագույն դպրոցում, կաթողիկոսարանում, վանքերում: Թատրոնին հատուկ շենք էր հատկացված:
Անիի մարդաշատությունն են հաստատում նրա ընդարձակ արվարձանները, հարյուրավոր եկեղեցիները, բավական խիտ կառուցապատումը: Ըստ պատմիչների` քաղաքում կար ավելի քան 100 հազար բնակիչ:
 Բագրատունյաց թագավորության անկումից հետո Անիի փառքն սկսում է աստիճանաբար մարել: Արդեն 16-րդ դարում Անին հիշատակում են որպես գյուղ։ Այժմ Թուրքիայի <<տեսարժան վայրերից>> է:
 

Ըստ Սերգեյ Վարդանյանի <<Հայաստանի մայրաքաղաքները>> գրքի

Քաղաքապետարան

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Քաղաքային իշխանություն

Քաղաքային տնտեսություն

Զարգացման ծրագրեր

Նորություններ

«Երևան» հեռուստահաղորդում

Տեղեկատու

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Հանրային հավաք

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Իրավական ակտեր

Հայտարարություններ

Իրազեկումներ

Աճուրդներ

Գնումներ

Մրցույթներ

Աշխատանք

Ծառայություններ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեկ պատուհան

Հարկեր / Վճարումներ

Համակարգեր / Թույլտվություններ

Թույլտվությունների հաշվիչ

Մեր քաղաքը

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Ընդհանուր տեղեկություններ

Պատմություն

Մշակույթ

Ժամանցի վայրեր

Կապ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

Հետադարձ կապ

Զանգերի սպասարկում

Քաղաքացիների ընդունելություն

Ազդարարման պատասխանատուներ

Հղումներ

Կայքի քարտեզ

...

1-05 ժամը 09:00-ից-18:00

© 2005-2025 www.yerevan.am

Օգտվելու պայմաններ Գաղտնիություն

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ

...

ՀՀ ք․ Երևան 0015 Արգիշտիի փ․ 1 առաջին մասնաշենք

ՀՀ ք․ Երևան 0010 Բուզանդի փ․ 1/3 երկրորդ մասնաշենք