Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Էրեբունի-Երևանը 2805 տարեկան է: Արգիշտի Առաջին արքան տիրակալության 5-րդ տարում կառուցեց այն որպես բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Պահպանված պատմական այդ արձանագրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հստակեցնելու Երևանի ծննդյան տարեթիվը` մ. թ. ա. 782թ.: Էրեբունի-Երևանը հիմնադրվել է Հռոմից 29 տարի առաջ, Բաբելոնի, Նինվեի ու Պերսեպոլիսի հասակակիցն է, բայց, ի տարբերություն վերջիններիս, դարձել է 21-րդ դարի ծաղկուն քաղաքներից մեկը:
Դարերի ընթացքում մեծ է եղել քաղաքի դերը Հայաստանի տնտեսական և հասարակական-քաղաքական կյանքում: Առևտրի այդ մեծ կենտրոնով էին անցնում քարավանային բազմաթիվ ճանապարհներ: Հնագիտական պեղումները վկայում են, որ Էրեբունին վարչական խոշոր կենտրոն էր` ամենահզորը Արարատյան դաշտում
Դարերի ընթացքում քաղաքը մնացել է կանգուն` անցնելով բազում արհավիրքների ու փորձությունների միջով: Անթիվ են եղել ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի ասպատակությունները, բայց ժողովուրդը շարունակում էր արարել` դիմակայելով բոլոր արհավիրքները: Զուգահեռաբար ստեղծվել է քաղաքակրթություն` արժեքավոր մշակույթով ու գիտությամբ:
...1918թ. մայիսի 28-ին Երևանը հռչակվեց Հայաստանի Հանրապետության, իսկ 1920թ. նոյեմբերի 29-ին` Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք:
Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար:
Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց:
1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք: