ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շինարարական օբյեկտների դասակարգում

Կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը, ժամկետները և դրանց հետ փոխկապակցված գործառույթներն ունեն որոշակի տարբերություն՝ կախված կառուցվող օբյեկտի ռիսկայնության աստիճանից:

Շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հետևյալ կատեգորիաների:


I կատեգորիա. ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ (շինարարության թույլտվություն չպահանջող)


Ցածր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, տարածքների բարեկարգման և այլ փոքրածավալ շինարարական աշխատանքները, որոնք կարող են իրականացվել կառուցապատողի կողմից` առանց նախագծման և շինարարության թույլտվությունների:

 

II կատեգորիա. միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտներ


Միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում այն փոքրածավալ շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինվում է նախագծող կազմակերպության երաշխավորագրով, իսկ շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական կազմակերպության երաշխավորագրով:

 

III կատեգորիա. միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ


Միջինից բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների միջակայքում բնութագրող ցուցանիշներ ունեցող օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պարզ փորձաքննության:

 

IV կատեգորիա. բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտներ


Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող շինարարական օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության` ներառյալ օրենքով սահմանված պետական լիազորված մարմինների փորձաքննությունները կամ մասնագիտական եզրակացությունները:

 

V կատեգորիա. բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտներ

Բարձրագույն ռիսկայնության աստիճանի օբյեկտների թվին են դասվում հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող քաղաքաշինական (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ նշանակության) օբյեկտները, որոնց նախագծային փաստաթղթերը ենթակա են հատուկ համալիր փորձաքննության և որոնց կառուցապատման թույլտվությունների տրամադրման պայմանները և ժամկետները յուրաքանչյուր առանձին դեպքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Բեռնել ամբողջական տեղեկատվությունը