ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 մայիսի 2020թ. N 240-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՐԳԻՇՏԻԻ 1 ՀԱՍՑԵՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ՃԱՇԱՐԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ
ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի ճաշարանում /ընդհանուր մակերեսը 212.03 մ2, որն իր մեջ ներառում է 111.66 մ2 սպասարկման սրահ, 39.34 մ2 խոհանոց, 34.51 մ2 նկուղ և 26.52 մ2 սրճարան/ հանրային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման համար մասնակիցների ընտրության նպատակով հրապարակել առաջարկների ներգրավման հայտարարություն:
2. Առաջարկների ներգրավման հայտարարությունը հրապարակել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարության մեջ նշել, որ ընտրված մասնակիցը ֆիզիկական անձանց մատուցելու է հանրային սննդի կազմակերպման ծառայություն՝ հետևյալ պայմաններով՝
1) կոմունալ ծառայությունների դիմաց ընտրված մասնակիցը չի վճարում.
2) ընտրված մասնակցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու են ճաշարանի տարածքը և փաստացի առկա սարքավորումները (շարժական գույք).
3) ճաշարանի աշխատանքային ժամերն են՝ աշխատանքային օրերին՝
ժամը 09։00-ից մինչև 18։00-ը,
4) սրճարանի աշխատանքային ժամերն են՝ աշխատանքային օրերին՝
ժամը 09։00-ից մինչև 18։00-ը
5) ճաշարանում մատուցվող սնունդն ու ըմպելիքները պետք է պատրաստված լինեն բացառապես թարմ մթերքներից, համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերին.
6) տաք (սառը) մսային ուտեստները պետք է պատրաստված լինեն թարմ տեղական (չներկրված) մսից.
7) յուրաքանչյուր օր մատուցվող ճաշատեսակները պետք է լինեն ոչ պակաս, քան
3-4 տեսակի (ճաշացանկը պետք է փոփոխվի յուրաքանչյուր օր).
8) տրամադրվող սարքավորումները (շարժական գույք) վնասելու դեպքում ընտրված մասնակիցը պետք է հատուցի իր կողմից պատճառված բոլոր վնասները` ամբողջական ցանկին համապատասխանեցնելու նպատակով.
9) եթե անհրաժեշտ են հավելյալ սպասք կամ սարքավորումներ, ապա դրանք պետք է գնվեն ընտրված մասնակցի կողմից.
10) ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու դեպքում չափաբաժինները և զուտ քաշը (գրամներով) սահմանվելու են պայմանագրով՝ հայտարարությանը համապատասխան, իսկ գները սահմանվելու են ընտրված մասնակցի ներկայացրած նվազագույն գներով և ենթակա չեն փոփոխման առանց նախապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ համաձայնեցնելու.
11) սահմանված պայմանների խախտման դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը սահմանում է թերությունների վերացման ողջամիտ ժամկետ։ Նշված ժամանակահատվածում թերությունները չվերացնելու դեպքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը.
12) ընտրված մասնակիցն իր հաշվին պետք է ապահովի անձեռոցիկների, կերակրի աղի և պղպեղի առկայությունը ճաշարանում.
13) ընտրված մասնակիցը պետք է յուրաքանչյուր օր մատուցի հրավերով սահմանված բազային ճաշատեսակներից առնվազն 10 միավոր՝ պայմանագրով սահմանված գներից ոչ բարձր գներով.
14) ընտրված մասնակիցը բազային ճաշացանկում չներառված ճաշատեսակների չափաքանակները և գները պետք է նախապես համաձայնեցնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ.
15) ընտրված մասնակիցը պետք է թույլատրի անարգել հսկելու սույն կետում նշված պահանջների կատարումը և կատարի պայմանագրով սահմանված այլ պահանջները:
3. Սահմանել, որ պայմանագիրը կկնքվի այն մասնակցի հետ՝
1) որն ունի առաջարկը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած համանման (նմանատիպ) մասնագիտական փորձ (անհրաժեշտ է կցել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր).
2) որն ունի հանրային սննդի կազմակերպման յուրաքանչյուր գործառույթի իրականացման համար սահմանված որակավորում ունեցող անձնակազմ.
3) որի ամբողջ անձնակազմն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական փաստաթղթեր և համապատասխան արտահագուստ.
4) որի կողմից ներկայացված ընդհանուր գնային առաջարկն ամենացածրն է հրավերով հրապարակված ճաշացանկի համար:
4. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով:
5. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի պահանջով՝ առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին տեղեկացնելով մյուս կողմին:
6. Սույն որոշմամբ նախատեսված գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում հայտարարությունը վերահրապարակվում է:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ


2020թ. մայիսի 26
Երևան