Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

22.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


22 դեկտեմբերի 2020թ. N 308-Ա


ՈՐՈՇՈՒՄ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սույն որոշման 2-րդ կետում նշված անձանց Երևան քաղաքում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների մասով, իսկ դրանց բացակայության դեպքում Երևան քաղաքում գտնվող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են (այդ թվում` փաստացի) սույն որոշման 2-րդ կետում նշված անձինք, սահմանել գույքահարկի գծով արտոնություն՝ ազատելով մինչև 2020 թվականի դեկտեմբերի 22-ը ներառյալ գույքահարկի գծով առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից:
2. Սույն որոշմամբ սահմանված գույքահարկի գծով արտոնությունները կիրառվում են հետևյալ քաղաքացիների խմբերի նկատմամբ.
1) Հայրենական մեծ պատերազմի վետերաններ,
2) Արցախյան և Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներ,
3) Արցախյան և Աֆղանստանի պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, որոնք գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունները ձեռք են բերել կամ դրանցում հաշվառվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված կամ անհայտ կորած անձինք:
3. Գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների առկայության դեպքում, սույն որոշումը տարածվում է այդ շինություններից մեկի նկատմամբ` ըստ գույքահարկի արտոնություն ստացած անձի ցանկության:
4. Սույն որոշմամբ սահմանված գույքահարկի գծով արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված՝ տվյալ դիմողի մասով:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ


2020թ. դեկտեմբերի 22
Երևան