Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

29.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2017թ. N 98-Ա

 

ՈՐՈՇՈՒՄ

«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հավանություն տալ Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի՝ Երևան քաղաքի Ա.Մյասնիկյանի արձանի ետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ.Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգու բարեկարգման նպատակով իրականացվելիք շինարարական, այդ թվում՝ շատրվանների կառուցման աշխատանքների արդյունքը Երևան համայնքին նվիրաբերելու առաջարկին:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հետ կնքել նվիրաբերության պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմանների ներառմամբ.
1) Նվիրաբերությունն իրականացվում է որպես բարեգործություն, նվիրաբերության նպատակն է՝ Երևան քաղաքի 2800-ամյակին նվիրված բարեկարգ այգին (այսուհետ՝ Այգի) բացառապես հանրության հանգստի համար ծառայեցնելը.
2) Այգին առնվազն 99 տարի պետք է հանդիսանա համայնքի սեփականությունը և ծառայի նվիրաբերության պայմանագրով նախատեսված նվիրաբերության նպատակին.
3) շինարարական և բարեկարգման աշխատանքները «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է իրականացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 25-ը, իսկ Երևան համայնքը պարտավորվում է ընդունել դրանք՝ նվիրաբերության պայմանագրին համապատասխան.
4) շինարարական և բարեկարգման աշխատանքները, ներառյալ՝ նախագծման աշխատանքները, իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի հաշվին՝ վերջինիս ընտրած կապալառուների միջոցով.

 5) «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվում է.

ա. Երևան համայնքին հանձնել Այգու ճարտարապետակոնստրուկտորական նախագծերը և ինժեներական ցանցերի սխեման:
բ. իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը և/կամ փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և/կամ վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                       Տ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 26
Երևան