Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ
1293-Ա 01.04.2020թ.


ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.202 Վ ՇԵՆՔԻ Հ.14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ,
ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել Նյուռա Պապյանի լ/ա Հրաչյա Պապյանի դիմումը՝ Ամառանոցային փողոցի հ.202վ շենքի հ.14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նյուռա Պապյանին պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.07.1999թ. հ.0121843 վկայական) հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 20.0քմ, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2) և 3) կետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածի 3-րդ, 207-րդ հոդվածի 1-ին մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.02.2020թ հ.18-06/235 եզրակացությունը.
1. Սահմանել որ, Ամառանոցային փողոցի հ.202վ շենքի հ.14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նյուռա Պապյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 20.0քմ, որի սահմանները որոշվում են 20.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Ամառանոցային փողոցի հ.202վ շենքի հ.14 հասցեում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանվում է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ /օգտագործման նպատակը/ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ՝ ընդհանուր օգտագործման։
3. Լիազորել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Ամառանոցային փողոցի հ.202վ շենքի հ.14 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 20.0քմ մակերեսով հողամասի համար Նյուռա Պապյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ժամկետով, տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի 3%-ի չափով։
4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագրում` պայմանագրի դադարեցումը գլխում անհրաժեշտ է լրացնել նոր կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերն անվեհապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին(փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվեհապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվեհապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելը իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
5. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ