Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1589-Ա 14.05.2019թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ
Հ.15 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՀՈՂԱՄՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՐԹԱԿԸ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից կատարված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.15 հասցեում կառուցված բնակելի շենքի դիմաց գտնվող հարթակի և աստիճանների մոտ 100քմ մակերեսով տարածքը փաստացի գտնվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, որը չի համապատասխանում համաձայնեցված նախագծային փաստաթղթերին: Զավթված հողակտորի վրա իրականացված ինքնակամ շինությունը (այսուհետ՝ ինքնակամ կառույց), սահմանափակում է տվյալ հատվածի մայթի մնացած մասով անցնող հետիոտնի շարժումը և խախտում վերջիններիս օրինական իրավունքները։
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը և <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի պահանջները, Երևանի քաղաքապետարանում հարուցվել է համապատասխան վարչական վարույթ Կոմիտասի պողոտայի հ.15 հասցեում, <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասում կառուցված ինքնակամ կառույցը քանդելու համար։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վերոնշյալ վարույթի շրջանակներում աշխատակիցների կողմից կազմակերպվել է համապատասխան տեղատեսություն, որին մասնակցել են նաև <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի աշխատակիցները և լիազոր ներկայացուցիչ Նաիրի Մնացականյանը:
Կազմակերպված տեղատեսության ընթացքում պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի հ.15 հասցեում <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի կողմից կառուցված բազմաբնակարան շենքին կից մայթային գոտին` հողատարածքը հանդիսանում է համայնքային սեփականություն և փաստացի տնօրինվում ու օգտագործվում է ընկերության կողմից, որում առկա է նաև մոտ 100քմ մակերես ունեցող ինքնակամ քարե շինություն:
Համապատասխան աշխատակիցների կողմից բազմիցս, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր զգուշացվել է, որ ազատեն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և քանդեն այդ հողամասում առկա ինքնակամ հարթակը, աստիճանները և մետաղական կոնստրուկցիաները, սակայն առաջարկվող ժամկետում որևէ քայլ չի ձեռնարկվել՝ ընկերության կողմից օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ու այդ հողամասում առկա ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ:
Քանի որ <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ինքնակամ կառույցը քանդելու և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, ուստի հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը՝ <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ի նկատմամբ կազմվել է նաև համապատասխան արձանագրություն` վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի կողմից կայացվել է որոշում, որով ընկերության նկատմամբ նշանակվել է վարչական տույժ 400.000 ՀՀ դրամի չափով: Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 02.04.2019թ. հ.18-06/2-22834 գրության՝ վերը նշված շինությունները և դրանով ծանրաբեռնված հողամասը ենթակա չեն օրինականացման։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ: Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Չօրինականացնել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի հ.15 հասցեի՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ հարթակը, աստիճանները և մետաղական կոնստրուկցիաները։
2. Առաջարկել <<ԿԱԷՌ ՔՆՍԹՐԱՔՇՆ>> ՍՊԸ-ին՝ 7-օրյա ժամկետում քանդել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ շինությունները և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
3. Նախազգուշացնել ընկերությանը, որ սույն որոշման 2-րդ կետով առաջարկվող ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4. Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով առաջարկվող ժամկետում ընկերության կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառույցը /հարթակ, աստիճաններ և մետաղական կոնստրուկցիաներ/ և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։

7. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ