Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1677-Ա 20.05.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՃԱՌՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.1
ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ
ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության 22.04.2020 թվականի հ.Ե/551-20 գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության հիման վրա պարզվել է, որ Երևան քաղաքի, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի հ.1 հասցեում՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի <<Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ>> ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող (վկայական N2667378, տրված 15.12.2010 թվականին), հողամասում <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից կառուցված են ինքնակամ բետոնե հենապատեր, մետաղական շվաքարան և տեղադրված է պեմզաբլոկ արտադրող հաստոց (այսուհետև՝ ինքնակամ կառույցներ)։
Հարուցված վարչական վարույթի լսումների ժամանակ վարույթն իրականացնող անձի կողմից վարույթի մասնակցին տեղեկացվել է, որ ՀՀ ՊՎ ծառայության 22.04.2020 թվականի հ.Ե/551-20 գրության հիման վրա՝ վերջինիս մասնակցությամբ, 2020 թվականի մայիսի 4-ին, տեղում կատարված տեղատեսության, ինչպես նաև փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող Բուսաբանական այգու տարածքում, <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից փաստացի օգտագործվում է պետական սեփականություն հանդիսացող հողամաս, որը սահմանազատված է, ծանրաբեռնված է բետոնե հենապատերով, մետաղական շվաքարանով և առկա է պեմզաբլոկ /բետոնե սալիկ/ արտադրող սարքավորում /հաստոց/: Տեղեկացվել է նաև, որ ՀՀ ՊՎ ծառայության հիշյալ գրությամբ պահանջ է ներկայացվել ազատելու ինքնակամ տիրապետումից <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից փաստացի տնօրինվող՝ Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող հողամասն, ուստի հիմք ընդունելով վերը նշված բոլոր փաստական հանգամանքները, նախապատրաստվելու է համապատասխան վարչական ակտ՝ քննարկվող ինքնակամ շինությունները քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու վերաբերյալ:
<<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի տնօրեն Ծովինար Մարտիրոսյանը, հարցի շուրջ ներկայացնելով իր դիրքորոշումը հայտարարել է, որ դեռևս 2016 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ ԳԱԱ <<Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտ>> ՊՈԱԿ-ի հետ կնքվել են վարձակալության գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր խնդրահարույց տարածքն օգտագործելու վերաբերյալ, որի համար ընկերությունը պարտաճանաչորեն և ժամանակին կատարել է համապատասխան վճարումներ, իսկ նշված պայմանագրերի, համաձայնագրերի և վճարման անդորրագրերի պատճեններն առձեռն ներկայացրել է և առաջարկել կցել վարույթի նյութերին: Միաժամանակ, հայտարարել է, որ խնդրահարույց տարածքում ի սկզբանե որևէ բուսականություն չի աճել և խնդրել է վարձակալության իրավունքով տրամադրել ընկերությանը:
Վերլուծելով և ուսումնասիրելով մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերն ու հայտնած դիրքորոշումը, վարույթն իրականացնող անձը տեղեկացրել է, որ խնդրահարույց տարածքի նկատմամբ 2016 թվականից մինչ օրս՝ <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի անվամբ, իրավունքի որևէ պետական գրանցում չի կատարվել, իսկ հողային օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, գրավը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում այլ գույքային իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
Նշված վարչական վարույթի շրջանակներում հիմնավորվել է ինքնակամ կառույցները` պետությանը սեփականության իրավունքով պատկանող և հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված, հողամասում կառուցված լինելու փաստը, և այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցները ենթակա չեն օրինականացման ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի հ.912-Ն որոշման շրջանակներում, որի վերաբերյալ առկա են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 07.05.2020 թվականի հ.18-06/470 և 12.05.2020 թվականի հ.18-06/491 գրությունները:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրված վարչական վարույթի լսումների ընթացքում հիմնավորվել է վերոնշյալ ինքնակամ կառույցների` առանց համապատասխան շինարարության թույլտվության կառուցված լինելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը, ուստի <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ ձեռնարկել քայլեր ինքնակամ կառույցները քանդելու և դրանցով ծանրաբեռնված հողամասն ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինիս առձեռն հանձնվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 04.05.2020 թվականի հ.19/7206 գրությունը:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը հողամասերն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանների ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի և 44-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, 43-րդ հոդվածի 5-րդ մասի, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի բ) ենթակետի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Չօրինականացնել Երևան քաղաքի, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի հ.1 հասցեում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից կառուցված ինքնակամ կառույցները։
2. Հանձնարարել Ավան վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի օժանդակությամբ, քանդել Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի հ.1 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասում, <<ԼԵՎՈ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից կառուցված ինքնակամ կառույցները և ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ