Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.07.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2020-Ա 06.07.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 359-Ա ՈՐՈՇՈՒՄՆ
ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի N359-Ա որոշմամբ` Երևանի Իսահակյան փողոցի հ.28 և Տերյան փողոցի հ.89 հասցեների շենքերի հատվող մասում՝ «Ավետիք Իսահակյանի» անվան, Նալբանդյան փողոցի հ.128 հասցեի շենքի դիմաց՝ «Միքայել Նալբանդյանի» անվան, Չարենցի փողոցի հ.8 հասցեի շենքի հարևանությամբ՝ «Եղիշե Չարենցի» անվան, Աբովյան փողոցի հ.38 հասցեի շենքի դիմաց՝ «Խաչատուր Աբովյանի» անվան և Կորյունի փողոցի հ.16 հասցեի շենքի դիմաց՝ «Կորյունի» անվան գրքի ոչ հիմնական շինություններ հանդիսացող տաղավար-կրպակներ տեղադրելու նպատակով, «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվել են հողամասեր:
Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի N 359-Ա որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրամադրված հատակագիծ-սխեմաներով, իսկ 3-րդ կետով սահմանվել է, որ .
1) հատակագիծ-սխեմաներով տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները ենթակա չեն պետական գրանցման,
2) գրքի տաղավար-կրպակների էսքիզները ենթակա են համաձայնեցման Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի հետ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի պահանջների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ՝ Երևան Իսահակյան փողոցի հ. 28 և Տերյան փողոցի հ. 89 հասցեների շենքերի հատվող մասում, Նալբանդյան փողոցի հ. 128 հասցեի շենքի դիմաց, Չարենցի փողոցի հ. 8 հասցեի շենքի հարևանությամբ, Աբովյան փողոցի հ. 38 հասցեի շենքի դիմաց, Կորյունի փողոցի հ. 16 հասցեի շենքի դիմաց «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրքի ոչ հիմնական շինությունների տեղադրման իրավական հիմքերի ուսումնասիրության վերաբերյալ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 18.06.2020 թվականին ժամը՝ 11:00-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին ներկայացել էր «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
«Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում տեղադրվել են ոչ հիմնական շինություններ, սակայն Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի N 359-Ա որոշմամբ նախատեսված չէ դրույթ, թե ինչ իրավունքով են տրամադրվում այդ հողամասերը, «Լիթլ սթորի» ՍՊԸ-ի հետ չեն կնքվել հողօգտագործման պայմանագրեր: Ոչ հիմնական շինությունները տեղադրվել են օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայությամբ, որոնց տրամադրման և համաձայնեցման վերաբերյալ դրույթ նույնպես Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի N 359-Ա որոշմամբ չի նախատեսվել:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
2) 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
3) 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունների նախագծային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասի տրամադրման մասին որոշման հիման վրա, որով ամրագրվում են շինությունների տարածական չափերը, հողամասի վրա դրա տեղադրման պայմանները, ճարտարապետական լուծումներին ներկայացվող պահանջները` ելնելով տեղանքի և (կամ) օբյեկտի առանձնահատկությունից, իսկ 10-րդ կետի համաձայն՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ իրավասությամբ օժտված մարմինը` նրա կողմից համաձայնեցված և պատվիրատուի կողմից հաստատված նախագծի հիման վրա:
Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն՝ հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:
Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց հողամասի ժամկետային օգտագործման իրավունքն է, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքի հողերից հողամասերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով:
Հողամասերի` առանց մրցույթի տրամադրման դեպքերը սահմանում է կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված են պետության և համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով առանց մրցույթի տրամադրելու դեպքերը, ըստ որի՝ ոչ հիմնական շինությունների տեղադրման նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու դեպք նախատեսված չէ:
Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.1 կետի ա) ենթակետի համաձայն՝ հողամասերի կառուցապատման իրավունքը առանց մրցույթի տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան՝ մինչև 20 քառ. մետր մակերեսով ավտոտնակների, կրպակների, առևտրի և սպասարկման այլ օբյեկտների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 68-րդ կետի համաձայն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների (այդ թվում` ոչ հիմնական) կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ՝ քանդման կամ ապամոնտաժման), վերականգնման և ուժեղացման նախագծերը, քաղաքաշինական համալիրների և գործառնական տարածքների հատակագծման նախագծերը, ինչպես նաև բարեկարգման (կանաչապատման) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակվում են հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան` առաջադրանքով (նախագծման թույլտվությամբ) սահմանված պահանջների ապահովմամբ:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, իսկ 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Տվյալ դեպքում Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի N 359-Ա որոշումը հակասում է հողային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286, սեպտեմբերի 24-ի N 896 և 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշումների պահանջներին:
Այսպիսով՝ «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում ոչ հիմնական շինություններ տեղադրելու նպատակով Երևանի քաղաքապետի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասեր չեն հատկացվել և ոչ հիմնական շինությունները տեղադրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջների խախտմամբ՝ հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայությամբ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 6-ի «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասեր տրամադրելու մասին» N 359-Ա որոշումը:
2. Առաջարկել «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 5-օրյա ժամկետում ապամոնտաժել Երևանի Իսահակյան փողոցի հ. 28 և Տերյան փողոցի հ. 89 հասցեների շենքերի հատվող մասում, Նալբանդյան փողոցի հ. 128 հասցեի շենքի դիմաց, Չարենցի փողոցի հ. 8 հասցեի շենքի հարևանությամբ, Աբովյան փողոցի հ. 38 հասցեի շենքի դիմաց գտնվող շինությունները և ապօրինի տիրապետումից ազատել ընկերության կողմից առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, օգտագործվող՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
3. Նախազգուշացնել «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ:
4. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևանի Իսահակյան փողոցի հ. 28 և Տերյան փողոցի հ. 89 հասցեների շենքերի հատվող մասում, Նալբանդյան փողոցի հ. 128 հասցեի շենքի դիմաց, Չարենցի փողոցի հ. 8 հասցեի շենքի հարևանությամբ, Աբովյան փողոցի հ. 38 հասցեի շենքի դիմաց գտնվող շինությունները «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տեղադրված շինություններն ու ընկերության ապօրինի տիրապետումից ազատել, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել «Լիթլ սթորի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:
7. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ