Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2016

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

2059-Ա   07.06.2016թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի Հ.1417-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի Հ.2073-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Օրիենթ սթոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նաև ընկերություն) տնօրենի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2015 թվականի հուլիսի 3-ի հ.2073-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու կամ որոշումն ուժը կորցրած ճանաչելու և նոր որոշում ընդունելու, Երևանի քաղաքապետի 2002թ. օգոստոսի 21-ի հ.1417-Ա որոշման հիման վրա կնքված՝ Աբովյան փողոցի հ. 36/2 հասցեում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող սրճարանի տարածքի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.10.2010թ. հ. 2742233 վկայական) զբաղեցրած հողատարածքի սահմանները վերաճշտելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2013թ. հ. ԵԿԴ1618/02/12 որոշմամբ հաստատված Երևան համայնքի և ընկերության միջև 03.09.2002թ. պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է հետևյալը.
Երևանի քաղաքապետի 2002թ. օգոստոսի 21-ի հ. 1417-Ա որոշման հիման վրա, Երևանի քաղաքապետարանի և «Ֆլորա Լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 03.09.2002թ. կնքվել է հողատարածքի վարձակալության պայմանագիրը, որի համաձայն՝ նշված ընկերությանը վարձակալության իրավունքով հանձնվել է Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (ներկայումս՝ ք. Երևան, Աբովյան փողոցի հ. 36/2) գտնվող 9040 քմ հողամասը:
«Ֆլորա Լենդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն անվանափոխվել է «Օրիենթ սթոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման հ. 02Ա045311 վկայականի հ. 008 ներդիրի:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 04.10.2010թ.  հ. 2742233 վկայականի՝ ընկերության անվամբ գրանցվել է 9040քմ հողամասի վարձակալության իրավունք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2013թ. հ. ԵԿԴ 1618/02/12 որոշմամբ հաստատվել է Երևան համայնքի և ընկերության միջև 03.10.2013թ. կնքված հաշտության համաձայնությունը, որի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝
«Կողմերն ընդունում են, որ Կողմ 2-ի (ընկերություն) հայտի հիման վրա Կողմ 1-ը (Երևանի քաղաքապետարան) պարտավորվում է կատարել Պայմանագրով Կողմ 2-ին տրամադրված հողամասի սահմանների ճշտում, այդ թվում՝ բարեկարգման նպատակով հատկացված հողամասի չափերի հստակեցում, ինչի արդյունքում համապատասխան համաձայնագիր կնքելու միջոցով Պայմանագրում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ՝ բացառելով այն հողամասերի տրամադրումը, որոնք փաստացի չեն օգտագործվում կամ աննպատակահարմար է դրանց օգտագործումը Կողմ 2-ի կողմից:
Կողմերն ընդունում են, որ ՀՀ վերաքննիչ դատարանի նշված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կողմ 1-ի կողմից Կողմ 2-ի զբաղեցրած հողամասի չափերի ճշգրտումից հետո, Կողմ 2-ին վարձակալության իրավունքով պատկանող հողամասի սրճարանի շինությամբ զբաղեցված հատվածի համար վարձավճարը հաշվարկվելու է հողամասի կադաստրային արժեքի 10 %-ի, իսկ բարեկարգման նպատակով հատկացված մնացած հատվածի համար՝ 3%-ի չափով»:
Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի հ. 451-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի համաձայն՝
«36. Վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի տարեկան վարձավճարի չափը սահմանվում է հողամասերի կադաստրային արժեքի՝
1) հողի վարձակալության դեպքում՝
ա. սրճարանների զբաղեցրած հողամասերի համար՝ 10 տոկոս.
ժբ. այլ հողերի դեպքում՝ 3 տոկոս:»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.06.2014թ. հ. 18-06/597 եզրակացության համաձայն՝ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1701.28քմ, որից սրճարանի զբաղեցրած հատվածինը կազմում է 339.05քմ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, 619-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ, 49-րդ և 52-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ, 59-րդ, 60-րդ և 63-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ/ ենթակետով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2013թ. հ. ԵԿԴ1618/02/12 որոշմամբ (ուժի մեջ է մտել 2013 թվականի նոյեմբերի 12-ին).
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի հուլիսի 3-ի «Երևանի քաղաքապետի 2002 թվականի օգոստոսի 21-ի հ.1417-Ա որոշման հիման վրա 2002 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված հողատարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  հ.2073-Ա որոշումը:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Օրիենթ սթոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 03.09.2002թ. կնքված հողամասի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ ներառելով հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) պայմանագրի 1-ին կետում «Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում» բառերը փոխարինել «Աբովյան փողոցի հ. 36/2 հասցեում» բառերով, «9040,0» թիվը՝ «1701.28» թվով.
2) պայմանագիրը լրացնել նոր՝ 2.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1 Հողամասի տրամադրման նպատակը՝ 339.05 քմ հողամասը՝ սրճարանի օգտագործման համար, իսկ 1362.23քմ հողամասը՝ բարեկարգման և կանաչապատման համար:».
3) պայմանագրի 3-րդ կետում «9040,0» թիվը փոխարինել «1701.28» թվով.
4) պայմանագրի 4-րդ կետի 4.3-րդ ենթակետից հանել «կապիտալ շինարարություն» բառերը.
5) պայմանագրի 8-րդ և 9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է՝ 339.05 քմ մակերեսով հատվածինը (տարածքինը)՝ հողամասի կադաստրային արժեքի 10 (տասը) տոկոսը, որը կազմում է 2.034.300 (երկու միլիոն երեսունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, իսկ 1362.23 քմ մակերեսով հողամասինը՝ հողամասի կադաստրային արժեքի 3 (երեք) տոկոսը, որը կազմում է 2.452.014 (երկու միլին չորս հարյուր հիսուներկու հազար տասնչորս) ՀՀ դրամ, ընդամենը՝ 4.486.314 (չորս միլիոն չորս հարյուր ութսունվեց հազար երեք հարյուր տասնչորս) ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը՝ 1քմ-ի համար 60000,00 Հայաստանի Հանրապետության դրամ է:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ կողմերը սահմանում են, որ սույն կետի դրույթները տարածվում են 2013 թվականի նոյեմբերի 12-ից կողմերի միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:
9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման՝ ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:».
6) պայմանագիրը լրացնել նոր 9.1-ին և 9.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«9.1 Հաշվի առնելով, որ պայմանագրի փոփոխություն (նոր վարձավճարի վճարման մասով) կնքված չի եղել և «Օրիենթ Սթոն» ՍՊ ընկերությունը համաձայնվել է գործող պայմանագրով վճարված գումարի հաշվանցմամբ կատարել վճարումները նոր վարձավճարի չափով՝ Կողմերն ընդունում են, որ պայմանագրի 13-րդ կետի դրույթները կգործեն սույն որոշման հիման վրա կնքված համաձայնագրից բխող իրավունքների պետական գրանցման պահից:
9.2. Վարձակալն ընդունում է, որ 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2016 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վարձավճարի պարտքը կազմում է 34.213.444 ՀՀ դրամ, որից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 11-ը ներառյալ ծագած հարաբերությունների նկատմամբ հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկվում է 339.05 քմ մակերեսով հողամասի համար կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 8700.95 քմ մակերեսով հողամասի համար՝ կադաստրային արժեքի 3 տոկոսի չափով, ըստ այդմ վարձակալը պարտավորվում է համաձայնագրի ստորագրման պահից.
ա.10 օրվա ընթացքում ամբողջությամբ մարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2013 թվականի թիվ ԵԿԴ/1618/02/12 որոշմամբ հաստատված հաշտության համաձայնությամբ վճարման ենթակա 9.271.812 ՀՀ դրամից 1.000.009 ՀՀ դրամը:
բ. 10 օրվա ընթացքում  ամբողջությամբ մարել  12.11.2013-30.06.2016 թվականի համար՝ հաշվարկված 12.513.430 ՀՀ դրամը:
գ. 18 ամսվա ընթացքում հավասարաչափ վճարումներով մարել 2012 թվականի հուլիսի 1-ից առ 2013 թվականի նոյեմբերի 11-ը ծագած հարաբերությունների նկատմամբ հաշվարկված 21.700.014 ՀՀ դրամ գումարը:
Սույն կետի յուրաքանչյուր ենթակետում նշված ժամկետում և գումարի չափով Վարձակալի կողմից վճարում չկատարելու դեպքում, Վարձատուն իրավունք ունի դիմել դատարան՝ տարաժամկետված և չվճարված մնացորդ գումարն ամբողջությամբ բռնագանձելու պահանջով:»:
7) պայմանագրի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարձակալման ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:».
8) պայմանագիրը լրացնել նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11.1 Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են կենտրոնական գանձապետարանի 900015213128 հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:
11.2 Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:»:
9) պայմանագրի 12-րդ կետում «0.25» թիվը փոխարինել «0.05» թվով.
10) պայմանագրի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
Սույն կետով սահմանված տույժի չափը կիրառվելու է սույն համաձայնագրից ծագող իրավունքի պետական գրանցման պահից:»:
3. Հողամասի սահմանները որոշվում են 1701.28քմ հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ. 1450-2002 գլխավոր հատակագիծը:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում: Համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերն ենթակա են վճարման ընկերության կողմից:  
5. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


 ԵՐԵՎԱՆԻ    ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ