Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2487-Ա  19.07.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի Հ.8820-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 5-ի հ.8820-Ա որոշմամբ վերականգնվել է Մ. Խորենացու փողոցի հ.231/97 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 206.96քմ մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 206.96քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:
ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 2014 թվականի հունիսի 19-ի վճռով Զոյա Սիմեոնիդուի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք` Արմեն Գալստյանի, Նունե Ալոյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 5-ի հ.8820-Ա որոշումը և որպես հետևանք Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ Երևանի Մ. Խորենացու փողոցի հ.231/97 հասցեի անշարժ գույքի նկատմամբ 2010 թվականի մարտի 31-ին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին մերժել է:
Զոյա Սիմեոնիդուի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՎԴ/10507/05/13 որոշմամբ մերժվել է և ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի հունիսի 19-ի թիվ ՎԴ/10507/05/13 վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ՎԴ/10507/05/13 որոշման դեմ Զոյա Սիմեոնիդուի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարվել է. այն է՝ ՀՀ վերաքննիչ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 2016 թվականի օգոստոսի 5-ի վճռով Զոյա Սիմեոնիդուի հայցը բավարարվել է. այն է` անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի  2009 թվականի նոյեմբերի 5-ի հ.8820-Ա որոշումը, որպես հետևանք անվավեր է ճանաչվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի հ.231/97 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի անվամբ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից  2010 թվականի մարտի 31-ին ԷԿ-12 մատյանի թիվ 000198 համարի տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և  Երևան համայնքից՝ հօգուտ Զոյա Սիմեոնիդուի բռնագանձվել է 34.000 (երեսունչորս հազար) ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում։
Երևանի քաղաքապետարանի, Արմեն Գալստյանի և Նունե Ալոյանի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ մերժվել են և ՀՀ վարչական դատարանի 2016 թվականի օգոստոսի 5-ի թիվ ՎԴ/10507/05/13 վճիռը մնացել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի մայիսի 24-ի որոշմամբ մերժվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով 2017 թվականի ապրիլի 4-ի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը և ՀՀ վարչական դատարանի 2016 թվականի օգոստոսի 5-ի թիվ ՎԴ/10507/05/13 վճիռը ստացել է օրինական ուժ:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտն անվավեր է ճանաչվում՝ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին կամ սույն օրենքով նախատեսված այլ հիմքերով այլ իրավական ակտերին հակասող ճանաչվելու դեպքում.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ ՍԴՈ-1054 որոշմամբ պարզաբանվել է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի և 74-րդ հոդվածի դրույթներով տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրավական ակտն անվավեր ճանաչել, եթե դատարանը տվյալ ակտը ճանաչել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին հակասող։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասով, 74-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 5-ի <<Մ.Խորենացու փողոցի հ.231/97 բնակելի տան նկատմամբ Արմեն Վալոդյայի Գալստյանի, Նունե Օգսենի Ալոյանի գույքային իրավունքները վերականգնելու մասին>> հ.8820-Ա որոշումը:
2.Ուժը կորցրած ճանաչել 2009 թվականի նոյեմբերի 23-ի հ.7235-2009 հողամասի գլխավոր հատակագիծը:
3.Ընդունել ի գիտություն, որ Մ. Խորենացու փողոցի հ.231/97 հասցեի գույքի իրավական կարգավիճակին անդրադառնալիս անհրաժեշտ է հաշվի առնել թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքը, որ ք.Երևան Մ.Խորենացու փողոցի հ.231/97 (նախկին ք.Երևան Մ.Խորենացու փողոցի հ.231/94) բնակելի տունը կառուցվել է 1991-1992 թվականներին` Զոյա Սիմեոնիդուի կողմից գնված հողամասի վրա` վերջինիս սեփական միջոցների հաշվին, վերջինս բնակվել է նշված տանը մինչև 1994 թվականը` ընտանիքով, այնուհետև տեղափոխվել է Հունաստանի Հանրապետություն, որտեղ մինչև 1997 թվականը բնակվել է հայցվորի մայրը, մինչև 1999 թվականը` հայցվորի հայրը, իսկ վերջինիս մահից հետո` Արմեն Գալստյանը և Նունե Ալոյանը։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին և դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                    Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ