Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2501-Ա 18.08.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ` ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.3/8 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ, ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտային հարակից՝ Իսակովի պողոտայի հ.3/8 հասցեի հարևանությամբ գտնվող, <<ՄՕՋՕ>> հանրային սննդի օբյեկտը փաստացի ինքնակամ է (այսուհետ նաև՝ Ինքնակամ կառույց), ծանրաբեռնում է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրվել են լսումներ։ Հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է <<ՄՕՋՕ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Սիմոնյանը, իսկ Ռուբեն Սարգսի Կոստանյանը պատշաճ ծանուցված լինելով հրավիրված լսումների օրվա, ժամի և լսումների անցկացման վայրի մասին չի ներկայացել։ Լսումներին ներկայացել է նաև քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանը իր կողմից լիազորված անձ Լուսինե Ավագյանի հետ միասին և հայտնել, որ ինքն է իրականացրել խնդրո առարկա ինքնակամ կառույցը և միաժամանակ խնդրել է իրեն մասնակից դարձնել հրավիրված վարչական վարույթի լսումներին։
Քննարկումների ժամանակ քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանը և իրեն կողմից լիազորված անձ՝ Լուսինե Ավագյանը հայտնել են, որ խնդրո առարկա շինությունը կառուցվել է դեռևս 2000 թվականների սկզբներին, օգտագործվում է Ավետիս Ալբերտի Ավետիսյանի կողմից, սակայն ներկայումս նշված շինությունը շահագործվում է <<ՄՕՋՕ>> ՍՊԸ-ի կողմից: Քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանը վարչական վարույթի շրջանակներում ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ խնդրո առարկա ապօրինի շինությունը իրականացվել է վերջինիս կողմից, քննարկումների ժամանակ հայտնել է նաև, որ հիշյալ շինության շահագործման հետևանքով չի խախտվում երրորդ անձանց սեփականության իրավունքներն ու օրինական շահերը և հարցի կարգավորման համար դիմելու է Երևանի քաղաքապետարան այն օրինականացնելու խնդրանքով:
Հիշյալ քննարկումների արդյունքում քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանին առաջարկվել է՝ սեփական նախաձեռնությամբ, քայլեր ձեռնարկել ինքնակամ շինությունն ապամոնտաժելու և դրանով ծանրաբեռնված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, ինչի մասին վերջինիս ծանոթացել է 05․08․2020թ․ վարչական վարույթի շրջանակներում իրականացված լսումների մասին կազմված արձանագրությամբ, որի պատճեն առձեռն տրամադրվել է Ավետիս Ալբերտի Ավետիսյանին, սակայն վերջինս հրաժարվել է քանդել ապօրինի կառուցված շինությունը և մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվել:
Կատարված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում և ինքնակամ կառույցի հետագա տնօրինման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի կողմից 14.07.2020թ. հ.18-06/808 տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ քննարկվող շինությամբ զբաղեցրած հողատարածքը գտնվում է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում, քանի որ գտնվում է ջրանցքի վրա, հետևաբար ապօրինի կառուցված շինությունը ՀՀ կառավարությանն 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման շրջանակներում ենթակա չէ օրինականացման:
Քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ նշված կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝ դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նշված կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Նույն որոշման 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն ՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Չօրինականացնել Կենտրոն վարչական շրջանի, Իսակովի պողոտային հարակից (Իսակովի պողոտա հ․3/8 հասցեի հարևանությամբ <<ՄՕՋՕ>> հանրային սննդի օբյեկտ) գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շինությունը։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Իսակովի պողոտային հարակից (Իսակովի պողոտա հ3/8 հասցեի հարևանությամբ <<ՄՕՋՕ>> հանրային սննդի օբյեկտ) կառուցված ինքնակամ շինությունը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատարանին՝ դրա ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                   ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ