Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2503-Ա 18.08.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ. 3 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսակովի պողոտայի հ.3 հասցեի հարևանությամբ գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում, քաղաքացիներ Ռուբեն Սարգսի Կոստանյանի և Ավետիս Ալբերտի Ավետիսյանի կողմից իրականացվել է ապօրինի շինության կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ նաև՝ Ինքնակամ կառույց):
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրված լսումների տեղի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցված Ռուբեն Սարգսի Կոստանյանը չի ներկայացել, վարույթին մասնակցել են քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանն ու վերջինիս կողմից լիազորված անձ, փաստաբան Լուսինե Ավագյանը: Քննարկումների ժամանակ քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանը և Լուսինե Ավագյանը հայտնել են, որ Ինքնակամ կառույցն իրականացվել է դեռևս 2000 թվականների սկզբներին Ավետիս Ալբերտի Ավետիսյանի կողմից, ներկայումս օգտագործվում ու տնօրինվում է, իր կողմից և դիմելու է Երևանի քաղաքապետարան այն օրինականացնելու հայտով:
Հիշյալ քննարկումների արդյունքում քաղաքացի Ավետիս Ալբերտի Ավետիսյանին առաջարկվել է ձեռնարկել քայլեր, սեփական նախաձեռնությամբ, Ինքնակամ կառույցը քանդելու և դրանով ծանրաբեռնված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինս ծանոթացել է 06․08․2020թ․ վարչական վարույթի շրջանակներում իրականացված լսումների մասին կազմված արձանագրությամբ, որի պատճեն առձեռն տրամադրվել է Ավետիս Ալբերտի Ավետիսյանին, սակայն վերջինս հայտարարել է, որ հրաժարվում է քանդել ապօրինի կառուցված շինությունը և մինչ օրս որևէ քայլ այդ առումով չի ձեռնարկվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 03.10.2019 թվականի հ.18-06/1126 գրության համաձայն, որ Ինքնակամ կառույցով զբաղեցրած հողամասի գերակշիռ մասը ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի հ.1517-Ն որոշմամբ Երևան համայնքին է փոխանցվել որպես համայնքային սեփականություն՝ փողոց, այն ընդգրկված է հողային օրենսգքրի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում /կետ 6/, հետևաբար նշված շինությունը ենթակա չէ օրինականացման ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջների շրջանակներում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 28.10.2019 թվականի հ.01/14-1/24579-19 գրությամբ ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ խնդրո առարկա Իսակովի պողոտայի հ.3 հասցեին հարակից հատվածում գտնվող, եռահարկ շինությունը փաստացի գտնվում է տեղական նշանակության հուշարձան-շենքի (բնակելի տուն Աֆրիկյանների (ամառանոց) պետ. ցուցիչ 1.6.32) պահպանության գոտու տարածքում և բացասական է ազդում հուշարձանի բարենպաստ ընկալման վրա, ուստի հիշյալ պետական մարմինը ողջունում է վերը նշված ապօրինի կառույցի ապամոնտաժումը:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 02.12.2019 թվականի հ.09.2.2/9365-19 գրության համաձայն՝ ուսումնասիրվել է Իսակովի պողոտայի հ.3 հասցեին հարակից տարածքում գտնվող տաղավարի և եռահարկ կիսակառույց շենքի ցոկոլային հարկում գործող արտադրամասի հակահրդեհային վիճակը, որի արդյունքում պարզվել է, որ նշված շինություններում առկա են հրդեհային անվտանգության պահանջների որոշակի խախտումներ, որոնց համար <<Վիրաբ Պետրոսյան և ընկերներ>> ՍՊ ընկերության տնօրեն Ա.Ավետիսյանին ուղղված ՔՏՀԱՏՄ 22.11.2019 թվականի թիվ ՔՏՄ/09.2.2/8425-19 գրությամբ առաջարկվել է իրականացնել համապատասխան հակահրդեհային միջոցառումներ։
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի 28.10.2019 թվականի հ.01/22.32/8745-19 գրությամբ ներկայացվել է նաև <<Հայաստանի ազգային ագրարային համալսարան>> հիմնադրամի ռեկտոր Վ.Ուռուտյանի գրությունը՝ Իսակովի պողոտայի հ.3 հասցեում և դրան հարակից, խնդրո առարկա ինքնակամ շինությունները քանդելու և դրանք չօրինականացնելու խնդրանքի (պահանջի) մասին։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտոր Վ.ՈՒռուտյանի գրությամբ հայտնվել է, նաև որ ՀԱԱՀ ղեկավարությունը մշակել է գինեդարանն իր հարակից շենքային և բակային տարածքներով վերանորոգելու, բարեկարգելու և գինու տուրիզմի կրթական և վերապատրաստման կենտրոն դարձնելու ծրագիր, որը ՀԱԱՀ-ում համապատասխան մասնագիտությամբ մասնագետներ պատրաստելու գործընթացը էապես բարելավելուց բացի, շեշտակի ակտիվություն է հաղորդելու հանրապետության գինու տուրիզմի ոլորտին։ Նշված ծրագիրը ներկայացվել է ՀՀ վարչապետին և արժանացել է հավանության, սակայն գինեդարանի շրջակայքում կառուցված և գինեդարանի պատմական շենքի շուքը աղավաղող և առերևույթ անօրինական կառույցի տպավորություն թողնող շինությունները քանդելը դոնորների կողմից դրվել է որպես այդ ծրագրի իրականացումը համաֆինանսավորելու նախապայման, վերջինս միաժամանակ խնդրել է քանդել ինչպես ՀԱԱՀ-ին անհատույց օգտագործման տրամադրված պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ապօրինի կառուցված շինությունները։
Քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստաված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ նշված կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝ դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նշված կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Նույն որոշման 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն ՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Չօրինականացնել Կենտրոն վարչական շրջանի, Իսակովի պողոտայի հ.3 հասցեի հարևանությամբ գտնվող՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված, Ինքնակամ կառույցը։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ, քանդել սույն որոշման առաջին կետում նշված կառույցը և ազատել դրանով ծանրաբեռնված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետի և Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատարանին՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        ՀՐ. ՍԱՐԳՍՅԱՆ