Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.08.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ 
 
2833-Ա  15.08.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Հ.1532-Ա ՈՐՈՇՈՒՄՆ  ԱՆՎԱՎԵՐ  ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


 
1.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Աբովյան փողոցի հ.48 շենքի հ.26 հասցեում քաղաքացի Արտակ Դաշտոյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.1532-Ա որոշման 1-ին կետով՝ Աբովյան փողոցի հ.48 շենքի հ.26 հասցեում քաղաքացի Արտակ Դաշտոյանի կողմից ինքնակամ բացված դուռը /մեկ հատ/ ճանաչվել է օրինական:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/1432/05/16 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռով Յուրի Թունյանի, Լևոն Մանուկյանի, Վարդան Մանուչարյանի, Էդուարդ Հովհաննիսյանի, Գագիկ Գևորգյանի, Վիգեն Կտիկյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` Արտակ Դաշտոյան՝ Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1532-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է, այն է՝ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1532-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/1432/05/16 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռի դեմ  Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի 2018 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մերժվել է և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ ՎԴ/1432/05/16 վճիռը թողնվել է անփոփոխ:
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/1432/05/16 վարչական գործով 2018 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ մերժվել է:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/1432/05/16 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1532-Ա որոշմամբ օրինական ճանաչված` ք.Երևան, Աբովյան փողոցի 48 շենքի h.26 հասցեում Արտակ Դաշտոյանի կողմից ինքնակամ բացված դուռը խախտել է նույն շենքի բնակիչների սեփականության իրավունքը:
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ oրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի առաջին տեղակալը փոխարինում է քաղաքապետին վերջինիս բացակայության ժամանակ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ  մասով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Աբովյան փողոցի հ.48 շենքի հ.26 հասցեում քաղաքացի Արտակ Դաշտոյանի կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացման մասին» հ.1532-Ա որոշումը:
2.Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին, Աբովյան փողոցի հ.48 շենքի հ.26 հասցեում գտնվող դռան նկատմամբ Արտակ Դաշտոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1432/05/16 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի վճռի հիման վրա դադարեցվելուց հետո, ապահովել Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 4-ի հ.1532-Ա որոշման հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան, Արտակ Դաշտոյանի կողմից վճարված գումարների վերադարձը:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին և դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ  ՏԵՂԱԿԱԼ                                                            
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                 Կ.ԱՐԵՅԱՆ