ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2898-Ա 16.09.2020թ


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.102/4 ՀԱՍՑԵԻ ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ
ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով, Երևանի քաղաքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից իրականացվել են ապօրինի շենք-շինությունների կառուցման շինարարական աշխատանքներ:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը հրավիրվել է լսումների Երևանի քաղաքապետարան հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Քննարկումների ժամանակ քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի լիազորված անձ Հրանտ Մարգարյանը հայտնել է, որ խնդրո առարկա շենք-շինությունները կառուցվել են դեռևս 2005 թվականին և իրենք դիմելու են Երևանի քաղաքապետարանին դրանք օրինականացնելու խնդրանքով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.08.2020 թվականի հ.18-06/1007 գրության համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ Երևան քաղաքի Շրջանային փողոցի հ․102/4 հասցեի հետնամասում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար որևէ դիմում չի ներկայացվել և չի քննարկվել։
Հիշյալ քննարկումների արդյունքում որոշվել է քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանին գրավոր առաջարկել՝ սեփական նախաձեռնությամբ, ձեռնարկել քայլեր ինքնակամ շենք-շինությունները քանդելու և դրանցով ծանրաբեռնված պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի տիրապետումից ազատելու համար, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի 05.03.2020թ. հ.19/Ծ-57 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG021352246AM/ և 16.07.2020թ. հ.19/12537 գրությունը /որը պատշաճ ծանուցվել է քաղաքացուն՝ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի /կոդ՝ AG015323909AM/: Առաջարկված ժամկետում քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի կողմից ինքնակամ շինությունները քանդելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
Ինքնակամ կառույցների հետագա տնօրինման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 04.03.2020թ. հ.18-06/253 տրված մասնագիտական կարծիքի համաձայն՝ հիմնավորվել է, որ քննարկվող ապօրինի կառուցված շենք-շինությունները և պարիսպը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման շրջանակներում ենթակա չեն օրինականացման, քանի որ պետական սեփականություն հանդիսացող 7,69հա և 1,04հա հողատարածքները ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի <<Երևանի Դալմայի այգիների պահպանման ենթակա հողերի սահմանների և նպատակային նշանակության փոփողության մասին>> N1941-Ա որոշման համաձայն՝ ընդգրկված են անտառային նշանակության հողերում։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի նկատմամբ, 05.05.2020 թվականին կազմվել է հ.034038 արձանագրությունը, որի հիման վրա ընդունված՝ 15.05.2000 թվականի հ.Վ-19/5 որոշմամբ Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200 000 ՀՀ դրամի չափով: Այնուհետև նշված որոշումն ընդունելուց հետո հողամասի զավթման փաստը շարունակելու և դրա հետևանքները չվերացնելու փաստի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանի նկատմամբ, 15.07.2020 թվականին կազմվել է հ.035007 արձանագրությունը, որը նույն օրենսգրքի 256-րդ հոդվածի պահանջների համաձայն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին հետագա ընթացքն ապահովվելու համար։
Քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Անտառային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին:
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով.
Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր և ընդհանուր օգտագործման այլ տարածքներ).
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա) որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ) որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝ դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Նույն որոշման 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
<<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի համաձայն ՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանների ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Չօրինականացնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հետնամասում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասում, ինքնակամ կառուցված շենք-շինությունները։
2.Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Շրջանային փողոցի հ.102/4 հասցեի հարևանությամբ կառուցված ինքնակամ շենք-շինություններն ու ապօրինի տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի վրա:

5.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ