Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


331-Ա 18.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ
Յ.ՌԱՅՆԻՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.48/2 ՀԱՍՑԵԻ ԴԻՄԱՑ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ
ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց գտնվող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման և առանց համապատասխան թույլտվության Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, քաղաքացի Սվետլանա Կարապետի Գրիգորյանի (նույնականացման քարտ՝ 008610164, տրված 06.06.2016 թվականին 007-ի կողմից) կողմից իրականացվել է ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք դեռևս անավարտ են:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, հայտնաբերվել է՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման և համապատասխան թույլտվության՝ պատի շարի, մետաղական կցամասերի կանգնեցման շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպք:
Նշված իրավախախտման փաստի առնչությամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 -րդ հոդվածի 1-ին մասի պահանջի շրջանակում, 13.08.2019թ. կազմվել է հ.028848 արձանագրությունը:
02.10.2019 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» Հ.Վ 37/52 որոշումը, որով քաղաքացի Ս.Գրիգորյանը ենթարկվել է վարչական տույժի՝ 400.000 դրամի չափով:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց գտնվող հողամասում 06.11.2019 թվականին կատարված կրկնակի տեղատեսությամբ պարզվել է, որ վերոհիշյալ թիվ Հ.Վ 37/52 որոշմամբ տուգանք նշանակելուց հետո, առանց հողհատկացման և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շարունակվել են ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ իրականացվել է շինության կողային ճակատի պատերի և տանիքի հատվածում երկաթ-բետոնե ծածկի ինքնակամ շինարարական աշխատանքները:
Նշված իրավախախտման փաստի առնչությամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի շրջանակում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 06.11.2019թ. կազմվել է հ.032411 կրկնակի արձանագրությունը:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում քաղաքացի Սվետլանա Կարապետի Գրիգորյանը հայտնել է, որ շինարարության թույլտվություն չունի, սակայն շարունակելու է շինարարական աշխատանքները և կառուցելու է երկրորդ հարկը:
27.11.2019 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» Հ.Վ 45/3 որոշումը, որով նշանակվել է տուգանք՝ 2.500.000 դրամի չափով:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Սվետլանա Կարապետի Գրիգորյանն, օրենսդրությամբ սահմանված կարգով, չի դիմել Երևանի քաղաքապետարան Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց գտնվող հողամասը իրեն հատկացնելու և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 06.11.2019 թվականի հ. 18-06/1290 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության (կարծիքի) համաձայն՝ վերոնշյալ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման, իսկ 07.07.2020թ. հ. 18-06/2-64543 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության համաձայն՝ Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեում, անմիջապես դիմացի սահմանով, եզրափակվում է ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտին, իսկ դիմացի տարածքն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (6-րդ կետ) ցանկում, որտեղ բնակելի տան օրինականացումը հակասում է քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով և ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 27.08.2020 թվականի հ.18-06/2-84409 գրությամբ՝ կրկին տրվել է մասնագիտական եզրակացություն (կարծիք), որի համաձայն վերոնշյալ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման, քանի որ Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեում, անմիջապես դիմացի սահմանով, եզրափակվում է ցածրահարկ բնակելի կառուցախախտման գոտին, իսկ դիմացի տարածքն ընդգրկված է հողային օրենքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (6-րդ կետ) ցանկում, որտեղ բնակելի տան օրինականացումը հակասում է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» հ.912-Ն որոշման դրույթներով:
Վերոնշյալ գրությանը կից ներկայացվել է հատված՝ տվյալ տարածքի համար Երևան քաղաքի գլխավոր հատակագծից և ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ հաստատված սխեման՝ շինությունների նշագրումով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ Սվետլանա Կարապետի Գրիգորյանի կողմից՝ Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի հարևանությամբ՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում ապօրինի կառուցված շինությունը քանդելու, հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասը Երևան համայնքին վերադարձնելու փաստի կապակցությամբ:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 16-ին, ժամը՝ 11:00-ին նշանակվել է լսումների օր:
«Հայփոստ» ծառայության միջոցով Ս.Գրիգորյանին է ուղարկվել վարչական շրջանի ղեկավարի 23.03.2020թ. թիվ 31/01-Ել-387 ծանուցագիրը: Քաղաքացի Ս.Գրիգորյանը պատշաճ ծանուցվել է 03.04.2020 թվականին (փոստային առաքանի՝ AG01261616903AM), սակայն հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ քննարկումներին: Խնդրել է հետաձգել վարչական լսումները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի 16-ի մարտի 2020թ. թիվ 298-Ն որոշման համաձայն՝ ՀՀ ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից հայտարարվել է արտակարգ դրություն և նոր կորոնովիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտմանը, ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման, սանիտարականխարգելիչ կարանտինային հատուկ միջոցառումներին նպաստելու և վարակի տարածումը կանխելու նպատակով, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի երկրորդ պարբերության դրույթով՝ Սվետլանա Կարապետի Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցվել է:
Որոշման պատճենը «Հայփոստ» ծառայության միջոցով ուղարկվել է Սվետլանա Կարապետի Գրիգորյանին և 04.05.2020 թվականին պատշաճ ստացվել է նրա կողմից:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ կասեցված վարչական վարույթի լսումների օր է նշանակվել 17.06.2020 թվականի ժամը՝ 11:00-ն:
Որոշման օրինակը «Հայփոստ» ծառայության միջոցով պատվիրված ծրարով ուղարկվել է կողմին, ով պատշաճ ծանուցվել է /փոստային առաքանի՝ AG023173812AM/:
17.06.2020 թվականին քաղաքացի Ս.Գրիգորյանը հեռախոսազանգի միջոցով վարչական մարմնին տեղեկացրել է, որ կրկին վատառողջ է, չի կարող ներկայանալ վարչական լսումներին և հրաժարվում է քանդել Յ.Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի հարևանությամբ իր կողմից կառուցված ինքնակամ կառույցը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման հավելվածի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ որոշմանը կցվում է օրինական ճանաչված կառույցի (կառույցների) պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասի և շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրամանով հաստատված ձևի հատակագծերը:
Նույն հավելվածի 44-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ նույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 58-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Չօրինականացնել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց, քաղաքացի Սվետլանա Կարապետի Գրիգորյանի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության կառուցված ինքնակամ շինությունը:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինությունը:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինության քանդման ընթացքում՝ համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
4. Հանձնարարել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի հ.48/2 հասցեի դիմաց կառուցված ինքնակամ շինության քանդման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել Սվետլանա Կարապետի Գրիգորյանից:
5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխա-նատվությունը դնել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ