Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.10.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3345-Ա 29.10.2018թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ
Հ.1/3 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ
ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նույն հասցեի հողամասի սեփականատեր <<Անի-97>> ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դավիթ Քաջիկի Ահարոնյանը (հաշվառման հասցե Կոտայքի մարզ գ.Ֆանտան 4-րդ փողոց հ.19 տուն) նախաձեռնել է երկու հարկանի քարե շինության (այսուհետ՝ Ինքնակամ կառույց) կառուցման շինարարական աշխատանքներ, որը դեռևս անավարտ է:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը:
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատկազմի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում, հայտնաբերվել է առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի և թույլտվության, <<Անի-97>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 972քմ և վարձակալության իրավունքով տրված 160քմ ընդհանուր մակերեսով հողամասի սահմաններում՝ երկու հարկանի քարե շինության կառուցման անօրինական աշխատանքներ իրականացնելու դեպք: Համաձայն հիշյալ հասցեի անշարժ գույքի նկատմամաբ պետական գրանցման հ.30092014-01-0183 վկայականի, նշված հողամասի նպատակային նշանակությունը սահմանված է բնակավայրերի կառուցման հողամաս, իսկ գործառնական նշանակությունը՝ որպես հասարակական կառուցապատման (գրանցման իրավունքի տեսակը՝ սեփականություն և վարձակալություն): Նշված իրավախախտման փաստի առնչությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջների շրջանակում, 16.10.2018թ. կազմվել է հ.028391 արձանագրությունը և նույն օրենսգրքի 256-րդ հոդվածի պահանջների շրջանակում այն ուղարկվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժին՝ նշված վարչական գործը քննելու նպատակով:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի կողմից <<Անի-94>> ՍՊԸ-ին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, չի տրամադրվել համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր (մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք, ճարտարապետաշինա-րարական նախագիծ և համապատասխան շինարարության թույտվություն) Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար:
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեում, Ինքնակամ կառույցի կառուցման անօրինական շինարարական աշխատանքների առնչությամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջների շրջանակում կազմված արձանագրության հիման վրա կատարված կրկնակի տեղատեսությամբ պարզվել է, որ վերոհիշյալ արձանագրությունը կազմելուց հետո, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, շարունակվել են Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեում շինարարական աշխատանքները: Անօրինական շինարարական աշխատանքները կանխարգելելու համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերհսկողության վարչության կողմից հարուցվել է համապատասխան վարչական վարույթ, որի շրջանակներում 17.10.2018թ. հ.19/22035 գրավոր ծանուցմամբ առաջարկվել է <<Անի-97>> ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դավիթ Քաջիկի Ահարոնյանին՝ 5-օրյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Ինքնակամ կառույցը քանդելու համար: Քաղաքացի Դ.Ահարոնյանը ծանուցումը ստացել է 19.10.2018 թվականին /ստացման վերաբերյալ փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագիր AG011619109AM/ սակայն ստանալուց հետո՝ առաջարկվող ժամկետում, որևէ քայլ չի ձեռնարկվել ծանուցմամբ ներկայացված հիշյալ պահանջներն ապահովելու ուղղությամբ:
Վերը նշված վարչական վարույթի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 19.10.2018թ. հ.18-08/869 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության (կարծիքի) համաձայն՝ Ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> հ.912-Ն որոշման շրջանակներում, քանի որ այն կառուցված է կոնստրուկտիվ լուծումների ակնհայտ խախտումներով՝ հակասելով ՀՀ ՇՆ-11-6.02-2006թ. /սեյսմակայուն շինարարություն/ նորմերի պահանջներին, մասնավորապես Ինքնակամ կառույցի սյուների և հեծանների չափերը կազմում են հիմնականում ընդամենը 20-30սմ, որն անբավարար է շենքի կրող կոնստրուկցիաների նորմալ շահագործման համար՝ հաշվի առնելով, որ Երևան քաղաքը գտնվում է սեյսմիկ 3-րդ գոտում /9 բալանոց շրջանում/ MSK-64 սանդղակով:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
 Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցի պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:                             
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ: Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը  ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Չօրինականացնել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված Ինքնակամ կառույցը:
2.Առաջարկել «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դավիթ Քաջիկի Ահարոնյանին՝ 5-օրյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ:
3.Նախազգուշացնել «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դավիթ Քաջիկի Ահարոնյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում  «Անի-97» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Դավիթ Քաջիկի Ահարոնյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջը չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված Ինքնակամ կառույցը։
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին, Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Նոր Նորք վարչական շրջանի, Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում Ինքնակամ կառուցված շինության քանդման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության,  իրավաբանական վարչությունների ու հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի վրա։
8.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է  երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին:


   
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ