ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.09.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3381-Ա 23.09.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆՈՐԱՇԵՆ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.Հ.24 ԵՎ 25 ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋՆԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԵՏՈՆԵ ՀԻՄՔՈՎ, ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի հ.հ.24 և 25 շենքերի միջնամասում, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, բետոնե հիմքով և մետաղական կոնստրուկցիաներով իրականացվել են շինության կառուցման շինարարական աշխատանքներ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի ընթացքում լսումներ չեն անցկացվել՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով սահմանված կարգավորումները:

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի հ.հ.24 և 25 շենքերի միջնամասում, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, բետոնե հիմքով և մետաղական կոնստրուկցիաներով իրականացվել են շինության կառուցման շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք.
բ. վերոնշյալ ինքնակամ շինությամբ փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինությունից.
գ. առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված վերոնշված հասցեի շինությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան շինարարական հրապարակով կահավորված չէ, կառուցվող շինությունը որևէ կերպ սահմանազատված չէ, մայթը տարանջատված չէ ինքնակամ շինությունից, ինչից բխում է, որ շինարարության իրականացումը կարող է վտանգ ներկայացնել անձանց կյանքին և առողջությանը, այսինքն՝ վարչական ակտ ընդունելու հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացմանը:

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Վերը նշված հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
բ. որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Նույն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման:
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները՝

ՈՐՈՇԵՑԻ

1. Չօրինականացնել Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի հ.հ.24 և 25 շենքերի միջնամասում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բետոնե հիմքով և մետաղական կոնստրուկցիաներով կառուցված շինությունը։
2. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի հ.հ.24 և 25 շենքերի միջնամասում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բետոնե հիմքով և մետաղական կոնստրուկցիաներով կառուցված շինությունն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառվելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
4. Հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից:
5.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ