Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3575-Ա 16.11.2020թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ
ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.123/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից տարածքում քաղաքացի Պետրոս Թովմասյանի կողմից, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու հողօգտագործման իրավունքի, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, իրականացվել է քարե շարվածքով պատի կառուցման շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց): Նշված իրավախախտման փաստի կապակցությամբ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության դրույթներին համապատասխան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից 15.06.2020թ. կազմվել է հ.034472 արձանագրությունը և 05.08.2020թ. հ.Վ-31/27 որոշմամբ՝ Պետրոս Թովմասյանը ենթարկվել է վարչական տույժի:
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 11.09.2020թ. հ.18-06/2-90624 գրությամբ տրված մասնագիտական եզրակացության համաձայն, Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում իրականացված ինքնակամ կառույցը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման շրջանակներում չի կարող քննարկվել, քանի որ այն իրենից ներկայացնում է քարե պարիսպ (ծավալ չներկայացնող շինություն):
06.10.2020թ. կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ ինքնակամ կառույցը քանդվել է մասամբ։
Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից հողամասում կատարված իրավախախտման հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի 07.10.2020թ. հ.26/04-822 գրությամբ՝ քաղաքացի Պետրոս Թովմասյանը հրավիրվել է լսումների, ինչպես նաև առաջարկվել է՝ իր նախաձեռնությամբ և սեփական միջոցներով քանդել ինքնակամ կառույցի մնացած մասը և ազատել ապօրինի տիրապետումից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը: Ծանուցումը հանձնվել է առձեռն, սակայն ծանուցմամբ նշված օրը և ժամին քաղաքացի Պետրոս Թովմասյանը չի ներկայացել նշված վայր, ինչպես նաև չի ներկայացվել որևէ հիմնավորում, որով հնարավոր կլիներ Պետրոս Թովմասյանի լսումներին չներկայանալու հանգամանքը համարել հարգելի:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը կազմակերպում է ինքնակամ կառուցման կասեցման և ինքնակամ կառույցների վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Նույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունը.
1) կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները:
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման հավելվածի 33-րդ կետի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին (…):
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի, hողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա) կետի և 23-րդ հոդվածի 1-ին մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի և 94-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի, 95-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ, 38-րդ, 58-րդ և 78-րդ հոդվածների դրույթները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Չօրինականացնել Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից հողամասում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցված ինքնակամ կառույցը և դրանով ծանրաբեռնված Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը:
2. Հանձնարարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ, քանդել ինքնակամ կառույցը և ապօրինի տիրապետումից ազատել Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը։
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին, սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում` համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին, Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու դեպքում, Անդրանիկի փողոցի հ.123/7 հասցեում գտնվող շինությանը կից հողամասում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի քանդման և դրան առնչվող բոլոր աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել Պետրոս Թովմասյանից։
5.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
6.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                   ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ