Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.12.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3696-Ա  18.12.2018թ.

 ԴԻՄՈՒՄԸ  ՄԱՍՆԱԿԻ  ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
    

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Հայկ Մուսաելյանի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ Մ-9457 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 11.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով ներկայացել է Հայկ Մուսաելյանը:
Ուսումնասիրելով Հայկ Մուսաելյանի 2018 թվականի հոկտեմբերի 27–ի թիվ Մ-9457 դիմումը, ի լրումն 2018 թվականի հոկտեմբերի 27–ի թիվ Մ-9457 դիմումի Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ Մ-9896, 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ Մ-10532, 2018 թվականի նոյեմբերի 21-ի թիվ Մ-10450 դիմումները, գնահատելով դիմումներին կից և վարչական վարույթի ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 20-ին տրված հ.KB640613 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 66MM661 հաշվառման համարանիշով «MERCEDES-BENZ  C180»  մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Հայկ Մուսաելյանի սեփականությունը:
Համաձայն Հայկ Մուսաելյանի 2018 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ Մ-9457 դիմումում նշված, ինչպես նաև վարչական վարույթի լսումների ժամանակ Հայկ Մուսաելյանի կողմից հայտնած փաստերի՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևան քաղաքի Տերյան փողոցի հ.59 շենքի դիմաց կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա տապալվել է նույն փողոցի վրա, ավտոմեքենայի կայանման դիմացի մայթին գտնվող հաստաբուն ծառը, ինչի հետևանքով իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվել է, մասնավորապես՝ վնասվել է ավտոմեքենայի տանիքը, կոտրվել են հետևի ապակին, ձախ կողմի հետևի դռան ապակին, հարվածի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի որոշ մասեր, ինչն առաջացրել է թափքի խնդիրներ:
Վարույթի լսումների ընթացքում Հայկ Մուսաելյանը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա ընկած ծառը չի տապալվել բնական աղետի /քամի, փոթորիկ, երկրաշարժ, կարկուտ և այլն/ հետևանքով, այլ տապալվել է փտած լինելու հետևանքով, որը ենթակա է եղել հատման, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից չի հատվել:
Արդյունքում Հայկ Մուսաելյանը խնդրել է փոխհատուցել իր սեփականությունը հանդիսացող  ավտոմեքենային պատճառված վնասը, այն է՝ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի փոխարեն տրամադրել նույնպիսի ավտոմեքենա, իսկ վնասը բնեղենով չփոխհատուցելու դեպքում, հատուցել դրամական միջոցով, հատուցելով վնասված ավտոմեքենայի արժեքը, որը, ըստ փորձագետների բանավոր հայտարարության՝ կազմում է 3000000 /երեք միլիոն/ դրամ, սակայն վնասը 3000000 /երեք միլիոն/ դրամ կազմելու հանգամանքը հիմնավորող ապացույց չի ներկայացվել:
Ի լրումն 2018 թվականի հոկտեմբերի 27–ի թիվ Մ-9457 դիմումի՝ Երևանի քաղաքապետին ուղղված 2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ Մ-9896 դիմումով Հայկ Մուսաելյանը ներկայացրել է պատահարի վերաբերյալ գունավոր լուսանկարներ, ինչպես նաև 66MM661 հաշվառման համարանիշով «MERCEDES-BENZ  C180»  մակնիշի ավտոմեքենայի գնահատման արդյունքում 2018 թվականի նոյեմբերի 5-ին «Ավանգարդ Մոտորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվարկը, ըստ որի՝ գնահատման նպատակով Հայկ Մուսաելյանի կողմից ներկայացված աշխատանքների ծավալի ընդհանուր արժեքը կազմում է 1.800.300 /մեկ միլիոն ութ հարյուր հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի նոյեմբերի 12-ի հ.17/Մ9457 գրությամբ հայտնվել է, որ Տերյան փողոցի հ.59 հասցեում տապալվել է սոսի ծառատեսակ, որը գտնվել է չոր վիճակում: Ծառի հավանական չորացումը կապված է Տերյան փողոցի ինտենսիվ երթևեկության հետ, որի արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մի շարք վնասակար նյութեր՝ հիմնականում ածխաթթու գազ, որը խիստ բացասաբար է ազդում հատկապես սոսի ծառատեսակի վրա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության 2018 թվականի նոյեմբերի 22-ի հ.09/Մ-9457 գրությամբ, Երևան քաղաքի Տերյան փողոցի հ.59 հասցեի շենքի դիմաց կայանված ավտոմեքենաներին ծառի տապալման հետևանքով հասցված վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիներ Հայկ Մուսաելյանի և Հարություն Ղասաբյանի համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ Մ-9457 և 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ Ղ-2382 դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի հետագա ընթացքը սահմանված կարգով ապահովելու անհրաժեշտության հետ կապված, տրամադրվել է «Արթին Էնթրփրայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 20-ի գրությունը, որի համաձայն՝ 66MM661 հաշվառման համարանիշով «MERCEDES-BENZ  C180»  մակնիշի ավտոմեքենայի վերանորոգման ծառայության արժեքը կազմում է 492.000 /չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Հայկ Մուսաելյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի հոկտեմբերի 27–ի թիվ Մ-9457 դիմումը բավարարել մասնակի՝ 492.000 /չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամի չափով:
2.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Արթին Էնթրփրայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 20-ի գրությամբ 66MM661 հաշվառման համարանիշով «MERCEDES-BENZ  C180»  մակնիշի ավտոմեքենայի վերանորոգման ծառայության արժեքը՝ 492.000 /չորս հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես պատճառված վնաս, փոխհատուցել Հայկ Մուսաելյանին:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ