Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


402-Ա 23.02.2021թ.

 


ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Ավագ Հակոբյանի լիազորված անձ, փաստաբան՝ Ալիսա Աբրահամյանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 20/101813 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համաձայն, հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2020 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 12.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Ավագ Հակոբյանի լիազորված անձ, փաստաբան՝ Ալիսա Աբրահամյանը:
Ուսումնասիրելով Ավագ Հակոբյանի լիազորված անձ, փաստաբան՝ Ալիսա Աբրահամյանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 20/101813 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Ավագ Հակոբյանի լիազորված անձ, փաստաբան՝ Ալիսա Աբրահամյանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 20/101813 դիմումում նշված փաստերի համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Ագաթանգեղոսի և Խորենացու փողոցների հատման մասում, Խորենացու փողոցի հ.26ա հասցեի մոտ առկա ծառը կոտրվել և տապալվել է Ավագ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող «BMW 3351» մակնիշի 87AA088 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենային պատճառվել է վնաս: Դիմողը խնդրել է հատուցել փտած ծառի անկման հետևանքով Ավագ Հակոբյանին պատճառված նյութական վնասը՝ 1.226.000.0 (մեկ միլիոն երկու հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
2018 թվականի նոյեմբերի 8-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KB903634 վկայագրի համաձայն՝ «BMW 335» մակնիշի 87AA088 հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Ավագ Վարդանի Հակոբյանի սեփականությունը:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կազմված արձանագրության համաձայն՝ Երևան քաղաքի Խորենացու փողոցի հ.26ա շենքի կողային հատվածում, մայթի եզրին կայանված՝ 87AA088 հաշվառման համարանիշի «BMW 335» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի հետնա-մասի աջակողմյան հատվածում գտնվող ծառը կոտրվել և ընկել է նշված ավտոմեքենայի վրա:
ՀՀ «Էքսպերտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ապրանքա-գիտական և կենսաբանական թիվ 20-117Պ եզրակացության համաձայն՝ «BMW 3351» մակնիշի 87AA088 պետական համարանիշի մարդատար ավտոմեքենային պատճառված վնասն
առաջացել է Երևան քաղաքի Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցների հատման տեղում թիվ 26ա շենքի հարևանությամբ թեղի տեսակի փտած ծառի բնի կոտրվելու և մեքենայի վրա ընկնելու հետևանքով: Միաժամանակ փորձագետը նշել է, որ արտաքին զննումից ակնհայտ է, որ ծառի ընկած կոտրված մասի ճյուղերի մի մասը ոչ կենսունակ էին, իսկ ծառի կոտրված մասը կիսով չափ զուրկ էր կեղևից, հետևաբար արտաքին զննումից հնարավոր էր որոշել ծառի վնասվածության վիճակը:
Նույն եզրակացությամբ հայտնվել է, որ փորձաքննությանը տրամադրված «BMW 3351» մակնիշի 87AA088 պետական համարանիշի նույնացման (VIN) WBA3A9C58DF476129 համարով մարդատար ավտոմեքենային ծառի կոտրվելու հետևանքով պատճառված վնասի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերի (ավտոմեքենայի նորմալ շահագործողական վիճակի բերելու համար անհրաժեշտ դետալների, հանգույցների և վերանորոգման աշխատանքների) շուկայական արժեքը փորձաքննության կատարման օրվա՝ սեպտեմբերի 9-ի դրությամբ կազմում է 1.226.000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 2020 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 17/101813 և Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 72/101813 գրությունների համաձայն՝ Խորենացու փողոցի թիվ 26ա հասցեում կայանված «BMW 335» մակնիշի 87AA088 պետական համարանիշի ավտոմեքենայի վրա ընկած մանրատերև թեղի ծառատեսակի ճյուղը եղել է կենսունակ: Կենսունակ ճյուղը կոտրվել է քամուց, փտած չի եղել և կեղևի առկայությունը երևում է նկարում, իսկ փորձագետի կողմից նշված տարեկան օղակների բացակայության վերաբերյալ հայտնվել է, որ դրանք նշմարվում են միայն հատման դեպքում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 26.01.2021 թվականի թիվ 08/ԼԱ/-32 գրության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը՝ 09.30-ից մինչև ժամը՝ 15.20-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի ցածրադիր վայրերում, ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Երևան ագրո օդերևութաբանական կայանի տվյալների, քամու առավելագույն պոռթկումը կազմել է 15մ/վրկ:
Հիդրոօդերևութաբանական կայանների և դիտակետերի համար գործող հրահանգի համաձայն՝ քամու ուժգնության գնահատման Բոֆորտի սանդղակի 15մ/վրկ արագությամբ քամու պոռթկման ժամանակ ճոճվում են ծառերի հաստ ճյուղերը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1071.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 23.10.2020 թվականի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
Հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 23.10.2020 թվականի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ «Էքսպերտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եզրակացության համաձայն՝ «BMW 3351» մակնիշի 87AA088 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենային պատճառ-ված վնասն առաջացել է թեղի տեսակի փտած ծառի բնի կոտրվելու և մեքենայի վրա ընկնելու հետևանքով՝ գտնում եմ, որ ավտոմեքենային պատճառված վնասը ենթակա է հատուցման:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ «Էքսպերտ Գրուպ» սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության թիվ 20-117Պ եզրակացությունը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կազմված արձանագրությունը և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1.Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Ավագ Հակոբյանի լիազորված անձ, փաստաբան՝ Ալիսա Աբրահամյանի 2020 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 20/101813 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`ՀՀ «Էքսպերտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ապրանքա-գիտական և կենսաբանական թիվ 20-117Պ եզրակացության համաձայն՝ «BMW 3351» մակնիշի 87AA088 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենային ծառի կոտրվելու հետևանքով պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ հաշվարկված 1.226.000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամը, որպես պատճառված վնաս, փոխհատուցել Ավագ Հակոբյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրաուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ