Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


410-Ա 24.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.55 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԱՊՕՐԻՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.55 հասցեին կից, 2020 թվականի դեկտեմբեր ամսին, քաղաքացի Արսեն Գևորգյանի կողմից՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում, ինքնակամ իրականացվել են գոյություն ունեցող շինության (այսուհետ նաև՝ Ինքնակամ կառույց) վերակառուցման, մասնավորապես` շինության տանիքի կառուցման և դիմային հատվածում ցուցափեղկերի տեղադրման շինարարական աշխատանքներ, որի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից Մանուէլ Սարիբեկյանի կողմից՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան, 03.12.2020 թվականին հ.036929 արձանագրության կազմման արդյունքում` <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով, հարուցվել է վարչական վարույթ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 18.01.2021թ. հ.18-06/41 գրությամբ կարծիք է տրվել առ այն, որ Ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջների շրջանակներում, քանի որ դրանով ծանրաբեռնված հողամասը բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող է և ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Քաղաքացի Արսեն Գևորգյանի կողմից, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.55 հասցեին կից, գոյություն ունեցող շինության վերակառուցման շինարարական աշխատանքներն իրականացվել են այդ հողամասի նկատմամբ համապատասխան իրավունքի պետական գրանցման և շինարարության թույլտվության բացակայության պայմաններում, այսինքն՝ ապօրինի, ավելին՝ խնդրո առարկա կառույցը ենթակա չէ օրինականացման գործող օրենսդրության պահանջների շրջանակներում, այն բնութագրվում է որպես ինքնակամ կառույց և ենթակա է քանդման:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 22.01.2021թ. հ.19/Ծ-492 գրավոր ծանուցմամբ, քաղաքացի Արսեն Գևորգյանը 01.02.2021 թվականին փոստային ծառայության միջոցով պատշաճ ծանուցվել է և 02.02.2021 թվականին հրավիրվել է լսումների:
Հրավիրված քննարկումներին ներկայացել Է Արսեն Գևորգյանը և տեղեկացվել, որ Բագրատունյաց փողոցի հ.55 հասցեին կից վերակառուցված ինքնակամ շինության փաստի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից վերջինիս նկատմամբ նշանակվել է վարչական տույժ 400.000 ՀՀ դրամ գումարի չափով, սակայն ինքնակամ շինության հետևանքները դեռևս վերացված չեն (22.01.20201թ. հ.19/Ծ-492 գրությամբ քաղաքացի Ա.Գևորգյանը ծանուցվել է), ուստի Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել է խնդրո առարկա ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի ընդունման վերաբերյալ համապատասխան վարչարարություն: Քաղաքացի Ա.Գրիգորյանը հայտարարել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ 03.12.2020 թվականի հ.036929 արձանագրությունը ստորագրելուց չի հասկացել թե ինչի համար է այն ստորագրում և կարծել է, որ հանդես է գալիս որպես վկա, սակայն վերջինիս տեղեկացվել է, որ այդ հանգամանքը չի ազատում պատասխանատվությունից և պատճառ չէ՝ համայնքային հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու համար:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։
Նույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ: Հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետի <<բ>> ենթակետի՝ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցված են Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
Նույն որոշման հավելվածի 33-րդ կետի համաձայն՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Նույն որոշման հավելվածի 44-րդ կետի <<ա>> ենթակետի համաձայն՝ ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 9-րդ, 43-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ և 58-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Չօրինականացնել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.55 հասցեին կից ինքնակամ շինությունը:
2. Հանձնարարել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության օժանդակությամբ, քանդել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց փողոցի հ.55 հասցեին կից գտնվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում կառուցված, ինքնակամ շինությունը ու ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
4. Հանձնարարել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 1-ին կետում նշված սուբյեկտից։
5. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ