2020թ. Երևանում փակվել է ավելի քան 300 աղբամուղ

15.02.2021

Նախորդ դարի երկրորդ կեսին կառուցված Երևանի բարձրահարկ բնակելի շենքերի մեծ մասում բնակիչներն աղբը թափելիս օգտվում են աղբամուղներից: Այդ պատճառով մշտական անհարմարություններն անպակաս են՝ գարշահոտությունից մինչև հարկերում վազվզող առնետներ: Բնակիչների խոսքով՝ անգամ հատուկ դեղորայքը չի օգնում:

 

2020թ.-ից մայրաքաղաքի բարձրահարկ բնակելի շենքերում ակտիվորեն սկսեցին փակվել աղբամուղները: Քաղաքային իշխանության նախաձեռնությանը ձեռք մեկնեցին համատիրություններն ու բնակիչները:


«Բնակիչների 50 և ավելի տոկոս համաձայնության դեպքում աղբամուղները փակվում են: Այս տարի մտադիր ենք ամբողջությամբ խնդիրը լուծել», -ասում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:


Շենքերի ներսում գտնվող ամեն ինչ, այդ թվում՝ աղբամուղները, բնակիչների ընդհանուր սեփականություն են, և բնակիչներն են որոշում՝ փակել դրանք, թե՝ ոչ:


«Մեր բնակիչները պետք է հասկանան, որ քաղաքային իշխանության ձեռնարկումների նպատակը կյանքի որակի բարելավումն է: Աղբամուղների փակումից հետո մեր հաջորդ քայլը աղբի տեսակավորումն է»,-նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:


Երևանի շենքերում կա մոտ 3500 աղբամուղ: Մինչ օրս փակվել է 664-ը, որից շուրջ 300-ը՝ միայն 2020 թվականի ընթացքում:


Աղբամուղները փակելուց հետո շենքերի հարևանությամբ՝ 20-70 մետր հեռավորությամբ, տեղադրվում են նոր աղբամաններ: Աջափնյակի 16-րդ թաղամասում կենցաղային աղբի աղբարկղերից բացի, դրվում են նաև թափոնների տեսակավորման աղբամաններ:


Քաղաքային իշխանությունը նախատեսում է մինչև տարեվերջ բնակիչների հետ լուծել աղբամուղների փակման խնդիրը:

 

Տեսանյութ

2020թ. Երևանում փակվել է ավելի քան 300 աղբամուղ