Աղբամանները և հարակից տարածքը տեսանկարահանվում են

11.08.2020

Շենգավիթ վարչական շրջանի տարբեր հասցեներում «Աղբամանները և հարակից տարածքը տեսանկարահանվում են» զգուշացնող գրություններ են հայտնվել: Վարչական շրջանը չսահմանված վայրում աղբ թափելու դեպքերը կանխելու նպատակով նաև պայքարի այս տարբերակն է ընտրել: 

«Լինում են դեպքեր, երբ չեն հայտնաբերվում իրավախախտում կատարած անձինք, որովհետև դեպքերը սովորաբար կատարվում են գիշերային ուշ ժամերին կամ լուսադեմին, որպեսզի մարդիկ չտեսնեն: Այս պարագայում հայտնաբերելու հավանականությունը գրեթե հավասարեցված է զրոյի»,- նշում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Այս պահին 34 տեսաձայնագրող սարքեր շուրջօրյա հսկում և արձանագրում են հնարավոր բոլոր իրավախախտումները: Ընտրվել են առավել խնդրահարույց հասցեները:
«Մեր խնդիրը մաքրություն պահպանելն է, բայց նաև բնակիչների խնդիրը չաղտոտելն է: Խնդրի լուծման լավագույն տարբերակն ընտրվել է սա: Փորձում ենք քայլ առ քայլ այնպես անել, որ մարդիկ շինաղբ և կենցաղային խոշոր աղբ չթափեն»,- ասում է Ռազմիկ Մկրտչյանը:
«Պարբերաբար նկատում ենք, որ աղբամանները դատարկ են, աղբահանությունը պատշաճ կազմակերպվում է, բայց կողքին թափված է շինաղբ, որը տեղափոխելու համար ստիպված են լինում դիմել այլ կազմակերպության: Դա համայնքի կողմից չի ենթադրվում, կան ծառայություններ, որոնք կարողանում են այդ ամեն ինչը կազմակերպել»,- ընդգծում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
Տեղադրված տեսախցիկները wi-fi համակարգով տեղեկատվությունը փոխանցելու հնարավորություն ունեն:
«Մեր աշխատակիցները կարողանում են իրենց հեռախոսով մոտենալ, միանալ տեսաձայնագրող սարքին և ներբեռնել: 360 e համակարգով է աշխատում, կապույտով նշվածները ձայնագրություններն են, մենք տեսաշարքից ձայնագրում ենք այն հատվածը, որը մեզ անհրաժեշտ է և ավտոմատ համակարգը ներբեռնում է հեռախոսի մեջ»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակից Հայկ Դարբինյանը:
Օրենքը չսահմանված վայրերում աղբ թափելու համար վարչական պատասխանատվություն է նախատեսում: Տեսախցիկների շնորհիվ արդեն վարչական իրավախախտման 8 դեպք է հայտնաբերվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ:
«Մինչև 1 խմ շինարարական աղբ թափելու համար ֆիզիկակական անձանց համար տուգանք է նախատեսված 20-30 հազար դրամ, իսկ 1 խմ-ից ավելի դեպքում՝ 50-80 հազար դրամի չափով: Իրավաբանական անձանց դեպքում մինչև 1 խմ-ը 50-80 հազար դրամ տուգանք է առաջացնում, իսկ 1 խմ-ից ավելիի պարագայում՝ 200-300 հազար դրամ: Մեզ համար ինքնանպատակ չի մարդկանց տուգանելը, իրական նպատակը քաղաքը մաքուր պահելն է»,- նշում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ստեփան Սամվելյանը:
Չսահմանված վայրերում աղբ թափելու խնդիրն առկա է Երևանի բոլոր վարչական շրջաններում:
«Եռաբլուրի հարևանությամբ ենք, վերևում մեր ազատամարտիկների գերեզմաններն են: Տեսեք ինչ է կատարվում: Շինաղբը Նուբարաշենի աղբավայրը անվճար ընդունում է, խնդրում եմ մեր բնակիչներին գոնե այս հատվածի հանդեպ հարգալից լինենք: Մեր պատասխանատուները, երբ նկատում են այս ամենը, կենցաղային աղբը մաքրում են, իսկ շինաղբի համար դիմում ենք «Դավարս» ընկերությանը. Եթե շինաղբը լցնենք մեր մեքենաները, ապա դրանք շատ շուտ շարքից դուրս կգան», - ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Երևանի ողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 750-850 տոննա կենցաղային աղբ: Տարեկան՝ միջինը՝ 300.000 հազ. տոննա: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցն աշխատում է ամեն օր, օրվա ցանկացած ժամի: Աշխատանքային այս օրակարգից, տեսախցիկներից ու վարչական տույժերից զատ կարևոր է նաև բնակիչների հոգատար վերաբերմունքը, որի շնորհիվ միայն հնարավոր է քաղաքն ավելի մաքուր դարձնել:

Տեսանյութ

Աղբամանները և հարակից տարածքը տեսանկարահանվում են