Աղբավայր՝ կենտրոնում. Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին

17.02.2021

Լեոյի 1 հասցեն է՝ Երևանի կենտրոնում, Կոնդ թաղամասի հարակից հատվածը, որն ամեն օր աղբավայրի է վերածվում։ Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է 2019թ.-ից: Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն շուրջ 8900 նոր աղբաման կա տեղադրված, որոնցից երկուսը հենց այս տարածքի բնակիչների համար է նախատեսված: Բայց քաղաքացիներից շատերը աղբը թափելու ավելի հեշտ տարբերակ են գտել:


«Այնքան, որքան աղբաման կա այսօր քաղաքում, երբևիցե չի եղել Երևանում, բայց միևնույն է՝ Լեոյի փողոցում ունենք կետ, որտեղ մարդիկ, կիրթ ու լավ հագնված դուրս են գալիս, աղբը գցում գետնին և շարունակում են իրենց ճանապարհը»,- նշում է քաղաքապետը:

 

«Եթե մեկուկես տարի առաջ դա կարելի էր կապել աղբահանության վատ կազմակերպման հետ քաղաքում, ինչին բոլորս ենք ականատես եղել, ապա այժմ վերջին ամսիների ընթացքում ակնհայտ է դառնում, որ այստեղ մենք գործ ունենք, որքան էլ տարօրինակ հնչի, մշակութային խնդրի հետ»,- նկատում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

 

Որպեսզի աղբը չկուտակվի և մարդկանց առողջությանը չսպառնա, Լեոյի 1 հասցեի աղբը պարբերաբար մաքրում են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակացիները, ինչը, սակայն, նրանց պարտականությունների մեջ չի մտնում:

 

«Եթե մենք շարունակենք մեր քաղաքի հանդեպ այսպես վարվել, որևէ գումար, որևէ համակարգի ստեղծում չի կարող նպաստել քաղաքը մաքուր պահելուն: Մենք պետք է հասկականք, որ քաղաքի մաքրությունն առաջին հերթին մեր չաղտոտելու արդյունքը պետք է լինի, իսկ կոմունալ ծառայություններն իրենց աշխատանքը կիրականացնեն»,- ասում է Ավետ Պողոսյանը:

 

Վարչական իրավախախտումների մասին օրենքն, ի դեպ, չսահմանված վայրերում աղբ թափելու համար պատասխանատվություն է նախատեսում։

Տեսանյութ

Աղբավայր՝ կենտրոնում. Լեոյի փողոցում բնակիչներն աղբը թափում են հենց իրենց տների կողքին