Ավտոտնակների ու զավթված տարածքների փոխարեն՝ նոր բակեր. ընթացքում են վարչական շրջանների ծրագրերը

20.06.2022

Յոթ ավտոտնակի ու ցանկապատերով զավթած տարածքի փոխարեն բարեկարգ բակ՝ խաղահրապարակով, հանգստի առանձին գոտով: Շենգավիթում, վարչական շրջանի զարգացման այս տարվա ծրագրով, կբարեկարգվի, կկահավորվի ու կլուսավորվի 30 բակ:

«Այս տարի աննախադեպ մեծ ծավալի աշխատանք է իրականացվելու, ավելի շատ, քան նախկին 20 տարում: Մեր մոտեցումը հետևյալն է. եթե կան բակային տարածքներ, որոնք զավթած են եղել, կան ավտոտնակներ, որոնցից բակի բնակիչները պատրաստակամ կլինեն հրաժարվել, հանել ավտոտնակները, մենք պարտավորվում ենք այդ բակը բարեկարգել»,-ասում է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:
Վարչական շրջանի համաչափ զարգացման համար հատուկ ուշադրության են արժանի ծայրամասային՝ մասնավոր տներով բնակեցված հատվածները: Ներքին Չարբախում կառուցված նոր այգին բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի նախաձեռնությունն է, որին միացել է վարչական շրջանը: Սա թաղամասի առաջին ու առայժմ միակ հանգստի գոտին է:
«Ներքին Չարբախում այգի չունեինք, բացի այդ, այս տարածքն ամբողջովին աղբածածկ էր: Ես էլ եմ այստեղ մեծացել, գիտեմ, որ երեխաների համար տեղ չկար խաղալու, զբաղվելու: Դրա համար էլ որոշեցի մի բանով օգտակար լինել իմ ժողովրդին»,-նշում է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
Շենգավիթի բակային տարածքներում կառուցվում են նաև ֆուտբոլի նոր խաղադաշտեր: Մեկնարկել է նաև բակերի ու փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգումը: Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը երբևէ ասֆալտապատ չի եղել, թեև վարորդների համար այս ճանապարհը շրջանցիկ, կարևոր հատված էր:
«Ավելի մեծ ուշադրություն ենք դարձնելու այն հատվածներին, որտեղ տասնամյակներում ոչինչ չի արվել»,-ընդգծում է Ռազմիկ Մկրտչյանը:
Թեքահարթակների կառուցում, գետնանցումների հարմարեցում. Շենգավիթում կլուծվի նաև հենաշարժողական խնդիրներով բնակիչների հարմարավետ տեղաշարժի խնդիրը:
Ապրիլին ուժեղ քամին Նոր Նորքում գետնին էր տապալել Գալշոյան 32 շենքի տանիքը: Այժմ վարչական շրջանը սկսել է նորի կառուցումը: Ժամանակին բնակիչների կողմից հարթը թեք դարձրած այդ տանիքի փոխարեն կհավաքվի թիթեղյա նոր, թեք ու ամուր տանիք:

Տեսանյութ

Ավտոտնակների ու զավթված տարածքների փոխարեն՝ նոր բակեր. ընթացքում են վարչական շրջանների ծրագրերը