Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային. ծրագրի առավելություններն ու խնդիրները

10.05.2022

Մի քանի օրից կմեկնարկի ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Այս տարի կարող են ատեստավորվել 5-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները:

«Նախորդ տարի փորձարկեցինք կամավոր ատեստավորման գործընթացը: Նպատակը մեկն է՝ ստեղծել մեխանիզմ, որով պետությունը կխրախուսի ուսուցիչների մասնագիտական զարգացումը և դա փոխկապակցված կլինի վարձատրման համակարգին»,-նշում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում աշխատում է շուրջ 6000 ուսուցիչ: Անցյալ տարի կամավոր ատեստավորվել և բարձր արդյունքներ է գրանցել 30-ը: Վստահ եմ՝ այս տարի մասնակցությունն ավելի ակտիվ կլինի»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության պետի ժ/պ Մարգարիտ Խաչատրյանը:
Ալիկ Գրիգորյանը 33 տարվա մաթեմատիկայի ուսուցիչ է: Նա առաջիններից էր, ով նախորդ տարի կամավոր ատեստավորվեց: 100-ից 100 միավոր հավաքած ուսուցիչն ասում է՝ գիտելիքները պետք է վերստուգել ամեն օր:
«Վերապատրաստումները, որոնք անցնում էինք, միշտ համարում էի, որ ունեն բացթողում: Այս ատեստավորումն, իմ կարծիքով, շատ ավելի արդյունավետ է՝ ստուգելու ուսուցիչների գիտելիքները: Գուցե մի փոքր բարդ է, բայց այդպես պետք է լինի» ,-ասում է Երևանի Ա. Սախարովի անվան հ.69 հիմնական դպրոցի ուսուցիչ Ալիկ Գրիգորյանը:
Կամավոր ատեստավորումից 70 և բարձր միավոր հավաքած ուսուցիչները 30-50 տոկոս հավելավճար են ստանում: Ի դեպ, արդեն մայիսի 1-ից ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափը սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որին կգումարվի նաև հավելավճարը՝ նոր դրույքաչափով:
Չնայած պայմաններին՝ մի շարք ուսուցիչներ չեն շտապում ատեստավորվել: Ասում են՝ գործընթացին դեմ չեն, բայց ունեն մտահոգություններ տեխնիկական խնդիրների առումով:
«Խնդիրներից էր այն ժամանակահատվածը, որը տրամադրված էր: Ուսուցիչները չէին հասցրել ամբողջությամբ ծանոթանալ առաջադրանքներին: Նաև ուսուցիչները նշում էին, որ բովանդակությունը ոչ միայն դպրոցական ծրագրից էր»,- նշում է Երևանի հ. 181 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Արեյանը:
«Ուսուցիչներն անհանգստանում են: Առաջարկ կար, որն ավելի մեթոդական գիտելիքներն ու հմտությունները ստուգվեն, որովհետև երբեմն ունենում ենք մասնագիտական բարձր որակներով ուսուցիչներ, բայց, ցավոք, մեթոդապես ոչ այնքան պատրաստված»,- հավելում է Երևանի հ. 156 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
Հարցին փոխնախարարը պատասխանում է.
«Մենք ունենք ուսուցչի մասնագիտական զարգացման ամբողջական հայեցակարգ: Կամավոր ատեստավորումը դրա միայն մեկ բաղադրիչն է, որն ուղղված է ստուգելու միայն առարկայական գիտելիքի իմացության աստիճանը, բայց մեր համակարգում կա նաև պարտադիր ատեստավորման գործընթացը, տարակարգերի շնորհման մեխանիզմը, որը հասցեագրում է արդեն ուսուցչի մանկավարժական կարողություններն ու հմտությունները»:
ԿԳՄՍ նախարարությունից նշում են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձն այս տարի վերանայվել է առաջադրանքների համար տրամադրվող ժամանակը: Հարցաշարերը կազմում են Գնահատման և թեստավորման կենտրոնի ուսուցիչներից և բուհական մանսագետներից կազմված փորձագիտական հանձնաժողովները, իսկ թեստերն ստուգվում են համակարգչային ծրագրով:
«Երաժշտություն, կերպարվեստ, ֆիզկուլտուրա. այս և նմանատիպ մյուս առարկաների ատեստավորումը կլինի մանկավարժական կրթություն տրամադրող բուհերի միջոցով»,-հավելում է Ժաննա Անդրեասյանը:
Այս տարի դիմում-հայտերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով. էլեկտրոնային մատյաններում կակտիվանա դիմելու կոճակը: Ատեստավորումը կանցկացվի սեպտեմբերին: Նախատեսվում է, որ ծրագրին կմասնակցի շուրջ 5000 ուսուցիչ:
«Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորմամբ չի հավաքում անհրաժեշտ նվազագույն շեմ, ապա նա պետք է ատեստավորվի մեկ տարի անց: Բայց այդ ընթացքում մենք նրա հետ աշխատելու ենք. պետությունը պարտավորվել է պարտադիր վերապատրաստում կազմակերպել, եթե վերաատեստավորումից հետո ուսուցիչը կրկին չի կարողանում հաղթահարել այս շեմը, ուրեմն մենք այդ ուսուցչի համար պետք է գտնենք այլ զբաղմունք»,-ընդգծում է Ժաննա Անդրեասյանը:
Կրթությունը պետության համար առաջնային է, և եթե նույնիսկ բոլոր ուսուցիչները ցանկանան կամավոր ատեստավորվել, պետությունը պատրաստ է ֆինանսավորել: Այդ նպատակով մոտ 33 մլրդ դրամ լրացուցիչ գումար կհատկացվի:

Տեսանյութ

Այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորումը կլինի էլեկտրոնային. ծրագրի առավելություններն ու խնդիրները