ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Բնապահպանական թեմաներով դասընթացներ` համայնքային և քաղաքացիական ծառայողների համար

14.05.2019

Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակից կմասնակցի բնապահպանական թեմաներով դասընթացներին և կվերապատրաստվի: Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրով:

Վերապատրաստումը մայիս-սեպտեմբերին կանցկացվի ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Քաղաքապետարանի մասնագետները կծանոթանան բնապահպանական կառավարման, կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, ինչպես նաև քաղաքային տնտեսության բնապահպանական բաղադրիչներ ընդգրկող այլ ոլորտների նոր հնարավորություններին: Դասընթացները կվարեն Հայաստանի ամերիկյան համալսարանի մասնագետները:
Ծրագրի մեկնարկային հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, պաշտոնատար այլ անձինք:
«Յուրաքանչյուր ծրագրի հաջողություն կախված է նրանից, թե որքանով որակավորված մասնագետներ ունենք: Կարող ենք ունենալ լավ գաղափար, բայց չկարողանանք այն իրագործել, քանի որ չունենք լավ մասնագետներ: Վստահ եմ, որ դասընթացները կլինեն արդյունավետ: Սա շարունակական կրթության լավ հնարավորություն է, որի շնորհիվ որոշումների կայացման գործում ակտիվորեն կներգրավեն նաև ներքին օղակները: Ինչ վերաբերում է բնապահպանական ծրագրերին և շրջակա միջավայրի բարելավմանը, ապա Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կմշակի նոր ծրագրեր՝ օգտագործելով նաև վերապատրաստումների արդյունքում ձեռքբերած հմտությունները»,-նշել է Հրաչյա Սարգսյանը:
«Առաջին անգամ մշակվել են նման ծավալով հայերեն բնապահպանական մոդուլներ՝ համայնքային և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման համար։ Մենք կարևորում ենք այս համագործակցությունը՝ մոդուլների ներդրման և հետագա կայունության ապահովման համար»,-ընդգծել է Դմիտրի Մարիասը:
Վերապատրաստման մասնակիցները ևս փաստեցին դասընթացի կարևորությունը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կիրառելու ձեռք բերված գիտելիքներն իրենց առօրյա գործունեությունում։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» (ԳԷՀ) և համաֆինանսավորվում ՄԱԶԾ-ի կողմից։ Նպատակն է՝ հզորացնել երկրի կարողությունները՝ օգտագործելու բնապահպանական կրթությունը և իրազեկումը որպես բնական պաշարների կառավարման գործիքներ՝ շահագրգիռ կողմերի հմտությունների զարգացման համար։ Դասընթացներին մասնակցում են ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ պետական կառավարման ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ կվերապատրաստվի շուրջ 1000 մասնագետ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player