«Էրեբունի-Երևան 2796»-ն անցկացվելու է բազմաթիվ նորույթներով

29.09.2014

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության կարգախոսը՝ «Երևան՝ իմ տուն», նորույթներն ու տոնական ծրագրի այլ մանրամասներ։  

Այս տարի առաջին անգամ քաղաքի տոնակատարությանը նախորդելու է կոնֆերանս՝ «Երևան-2025» խորագրով, որին մասնակցելու են աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած հյուրեր. բանախոսները կներկայացնեն Երևան քաղաքի տեսլականը, զարգաման հեռանկարները, պատկերացումները։

«Կոնֆերանսը, որը կանցկացվի հոկտեմբերի 10-ին, միջազգային է,  կմասնակցեն տարբեր քաղաքներից մասնագետներ, պաշտոնական հուրեր։ Կքննարկվեն մշակութային, տուրիստական, տրանսպորտային հագեցվածության, ինչպես նաև քաղաքաշինական խնդիրներ։ Վստահ եմ, որ իր տեսակի մեջ առաջին այսօրինակ նախաձեռնությունը կունենա իր արդյունքները. գուցե ներկայացվածից ոչ բոլոր մտորումները իրականանան հետագայում, սակայն փորձելու ենք հնարավորինս իրատեսական դաշտում շարադրել քաղաքի հեռանկարներին առնչվող մեր մտայնությունները։ Այս տարի կժամանի 34 պատվիրակություն. բավականին բարձր ցուցանիշ է։ Նրանցից մի մասը կմասնակցի կոնֆերանսին, մշակութային ծրագրերին։ Մշակված է նաև տուրիստական անհրաժեշտ ծրագիր։ Տոնական միջոցառումների ծրագիրը թարգմանված է անգլերեն,  ռուսերեն։ Այս օրերին ծրագրերը տարածելու ենք տարբեր միջոցներով»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Այս տարի առաջին անգամ «Էրեբունի-Երևան 2796»-ը նաև սոցիալական բաղադրիչ կունենա։

«Երկրորդ խոշոր նախաձեռնությունը սոցիալական ծրագիրն է, որը նույնպես նորություն է։ 2796 ընտանիքների հյուր կգնան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջաններ ներկայացուցիչներ, կշնորհավորեն ու կհանձնեն նվերներ՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ։ Ընտրված են ընտանիքներ, որոնք իրավամբ դրա անհրաժեշտությունն ունեն»,- ներկայացրել է քաղաքապետի տեղակալը և հավելել, որ բացի սոցիալական անապահովության գնահատականից,  ընտանիքներին ընտրելիս հաշվի են առնվել բազմաթիվ այլ բաղադրիչներ՝ առաջնայնություն տալով բազմանդամ ու բազմազավակ ընտանիքներին, Հայրենական, Արցախյան, Աֆղանական պատերազմների  մասնակիցների ընտանիքներին։

Բուն տոնակատարությունները մեկնարկելու են հոկտեմբերի 11-ին։ Ժամը 14։00-ից Էրեբունի փողոցի ողջ երկայնքով կլինեն ազգային խաղեր, կցուցադրվեն ժողովրդական արվեստի գործեր, ազգային խոհանոցներ, իսկ երեկոյան ժ. 19։00-ից կմեկնարկի «Երևանում տոն է» խորագրով համերգը։ Համերգին կհնչեն Երևանին նվիրված հին ու նոր երգեր, կլինեն պրեմիերաներ։

«Էրեբունի-Երևան 2796»-ի բազմաժանր ու բազմաթիվ միջացառումները հոկտեմբերի 12-ին են նախատեսված.

«Ծրագիրը շատ հագեցած է լինելու, բազմաժանր, վստահ եմ, որ ամենապահանջկոտ հանդիսատեսն էլ իր նախասիրած ոճին, ժանրին կարող է իր մասնակցությունն ունենալ։ Ծրագրի զգալի մասը ավանդական է, սակայն այստեղ ևս կան բազմաթիվ նորություններ։ Այս տարի զարմանալի ակտիվություն են ցուցաբերում հասարակական կազմակերպությունները՝ կամավորության սկզբունքով, բազմաթիվ ստեղծագործական խմբեր են արձագանքել։ Կլինի նաև ուսանողական հարթակ՝  բուհերի մասնակցությամբ։ Երևանյան շուրջպարի հարթակ է լինելու Ազատության հրապարակը։ Ավանդական դարձած քայլերթը, որը սկիզբ է առնում Երևանի քաղաքապետարանից, մեկնարկելու է ժ. 14։00-ից։ Քայլերթին այս տարի ևս նախորդելու է Երևանի պատվավոր քաղաքացիների կոչումները հանձնելու արարողությունը։ Տոնակատարությունը կամփոփվի «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա համերգով»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Լրագրողի հարցմանն ի պատասխան քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաև տոնակատարության արժողության՝ համայնքային բյուջեից հատկացված չափը։

«Մշակութային ծրագրերին ու կոնֆերանսին բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել, քաղաքի տոնական ձևավորմանը՝ 18 մլն դրամ, սոցիալական ծրագրին՝ 50 մլն դրամ։ Բնականաբար, այսքանով չենք կարող սահմանափակվել։  Քաղաքապետարանն, անշուշտ, ունի բազմաթիվ գործընկերներ, ում հետ տևականորեն համագործակցում է և ովքեր «Էրեբունի-Երևան 2796»-ին ևս անմասն չեն»,- նշել է քաղաքապետի տեղակալը։

«Էրեբունի-Երևան 2796»-ի առթիվ Երևանի դպրոցներում շարադրությունների մրցույթ էլ է հայտարարվել, որի արդյունքները կամփոփվեն տոնակատարությունից հետո։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին