«Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու Երևանի քաղաքապետի որոշումը հաստատվել է ավագանու կողմից

13.02.2018

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ հիմնադրելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» Երևանի քաղաքապետի որոշումը:

Ավագանու սույն որոշման նախագիծը ներկայացնող աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 13-ի կարգադրությամբ ստեղծված «Երևան-Խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ, նպատակ ունի տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավելու Երևան քաղաքի բնակիչների կյանքի պայմանները, կատարելագործելու բնակիչներին և զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը, որի ապահովման ուղղությամբ արդեն իսկ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Միաժամանակ նշվել է, որ «Երևան-Խելացի քաղաք» ծրագիրը լիարժեք և առավել արագ ու արդյունավետ կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր ստեղծել շահույթ չհետապնդող կազմակերպություն, ինչը և արվել է Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 23-ի որոշմամբ՝ ստեղծելով «Երևան-Խելացի քաղաք» տեխնոլոգիական հիմնադրամ, որը կգործի որպես ինքնուրույն իրավաբանական անձ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև վերոնշյալ հիմնադրամի կանոնադրությունը:
Հարկ է նշել, որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ