«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ

07.08.2018

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում վաղ առավոտից մեկնարկել էր «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր, իսկ փառատոնի երկրորդ փուլում ներկայացվել են դիզայներներ Գևորգ Շադոյանի, Սվետլանա Հակոբյանի և Լիլիթ Մելիքյանի տարազային հավաքածուները:

Ցուցադրությանը հետևել են մայրաքաղաքի բազմաթիվ բնակիչներ, ինչպես նաև զբոսաշրջիկներ: Նորաձևության ցուցադրությունն իրականացվել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը վստահ է, որ նման ցուցադրությունները նպաստում են ինչպես Հայաստանում բնակիչների շրջանում ազգային տարրերի տարածմանը, այնպես էլ զբոսաշրջության զարգացմանը, քանի որ ամեն տարի ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ են մասնակցում փառատոնին:

««Երևան ՏԱՐԱԶֆեստն» այսօր համախմբել էր տարբեր ազգերի մշակույթներ. ասել է, թե՝ Հյուսիսային պողոտայում իրական մշակութային հրավառություն է: Որպես զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոն՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը մեծ կարևորություն է տալիս «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնին, քանի որ անցած տարիների փորձը ցույց է տվել, որ զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական ավանդույթների, ազգային տարրերի նկատմամբ: Իսկ ազգային տարրեր պարունակող հավաքածուների ցուցադրությանն այս տարի, ինչպես և նախորդ տարիներին, հատկապես մեծ թվով զբոսաշրջիկներ են հետևում»,- նշել է Մարիա Բարաղամյանը:

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն այս փառատոնին ներկայացել է «Երևանյան խճանկար» հավաքածուով, որում ներկայացված են ինչպես նոր աշխատանքները, այնպես էլ տարբեր տարիների լավագույն նմուշները: Լիլիթ Մելիքյանն այս տարի ներկայացրել է նաև հարսանեկան տարազային հագուստներ:

«Շատ կարևոր է, որ երիտասարդների շրջանում այս տարազները մեծ տարածում ստանան: Իմ նպատակն է, որ հայ հարսներն ու փեսաները կրեն հայկական տարազներ, քանի որ դա գեղեցիկ է, ավանդական և ինչու ոչ՝ ոճային»,- նշել է դիզայները:
Դիզայներ Գևորգ Շադոյանը, ով անցած տարի ներկայացրել է իր «Վերածնունդ» հավաքածուն, այս անգամ փառատոնին մասնակցել է հին և նոր հավաքածուների համադրությամբ՝ «Վերածննդից՝ անկախություն» խորագրով:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին առաջին անգամ մասնակցող «Տարազ ԷյԷմ» նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը ներկայացրել է իր ազգային բաղադրիչներով «Թավշյա հմայք» հավաքածուն: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նման հնարավորություն ընձեռելու համար՝ դիզայները նշել է. «Ինձ համար նպատակը մեկն է՝ հայկական զարդանախշերը համադրել նորօրյա հագուստների հետ: Մենք ունենք հարուստ մշակույթ և պարտավոր ենք պահպանել այդ մշակույթը»:
Փառատոնի երկրորդ հատվածի բարձր տրամադրությունն ու երաժշտական ռիթմերն ապահովեցին «Գողթ» և «Հող» խմբերի անդամները: Իսկ «Միլեն շոու բալետ» համույթի կատարմամբ փառատոնն ամփոփվել է «Արցախ» ստեղծագործության ներքո բեմականացված համարով:
Մասնակիցների ոգևորված բացականչություններն ու ջերմ խոսքերը վկայում են, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնն այս տարի նույնպես հաջողել է. կազմակերպիչների խոսքերով՝ փառատոնը կրկին ապացուցեց, որ պահանջված է ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ