Երևանի քաղաքապետարանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը

08.12.2021

Երևան քաղաքի Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, դեռևս ս. թ. սեպտեմբերից սկսած, իրականացվել են բնակելի տան տանիքի վերակառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Վերոնշյալի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն) կողմից իրականացվող վարչարարության ընթացքում հիշյալ հասցեի սեփականատեր Գերասիմ Մանուկյանին ուղարկվել են գրավոր ծանուցումներ՝ իրավախախտման փաստն արձանագրելու և շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով, ինչպես նաև տեղում ձեռնարկվել են քայլեր այդ աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ։ Այնուհանդերձ, հնարավոր չի եղել ծանուցումները վերջինս պատշաճ առաքել և կազմել իրավաչափ արձանագրություն:

Բացի այդ, սույն թվականի նոյեմբեր ամսվա վերջերից սկսած մինչ օրս նույն հասցեում իրականացվում են նաև երկհարկանի շինության կառուցման ինքնակամ աշխատանքներ, որոնց կասեցման ուղղությամբ վարչության աշխատակիցների կողմից պարբերաբար ձեռնարկվում են քայլեր, սակայն այդ արարքն իրականացնող անձինք չեն ենթարկվում օրինական պահանջներին ու հորդորներին՝ ինքնակամ շինարարական աշխատանքները դադարեցնելու առումով:
Ինքնակամ շինարարական աշխատանքները խնդրո առարկա հասցեում բացառելու նպատակով գրություններ են ուղարկվել նաև ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Երևանի քաղաքապետարանին օժանդակելու համար, սակայն նույնիսկ ոստիկանական ուժերի օժանդակությամբ հնարավոր չի եղել մինչ օրս կասեցնել ապօրինի կառույցի իրականացման աշխատանքները, քանի որ դեպի հողամաս մուտք գործելու դուռը մշտապես փակ է:
Վարչության կողմից հնարավոր չի եղել փաստի առնչությամբ կազմել իրավախախտման արձանագրություն, քանի որ ըստ ունեցած տեղեկատվության՝ Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեի սեփականատեր Գերասիմ Մանուկյանը մահացել է։ Ըստ ձեռքբերված բանավոր տեղեկատվության՝ Գ․ Մանուկյանի մահից հետո այդ հասցեում ինքնակամ շինարարական աշխատանքները նախաձեռնվել, կազմակերպվել են և իրականացվում են վերջինիս որդու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից:

 


ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Տեսանյութ

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Այգեստան 12-րդ փողոցի հ.8 հասցեում իրականացվող ապօրինի շինարարությունը