Երևանի քաղաքապետի պարգևներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ

29.06.2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-ամյակի առթիվ հյուրընկալել է համակարգի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ և առանձնակի կարևորելով կոմիտեի գործունեությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն բնակիչների հետ անմիջական շփման կարևոր օղակներից մեկն է, ու նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության շրջանակում հաջողվել է առավել համակարգված ու արդյունավետ դարձնել քաղաքացիների սպասարկումը:

Կադաստրի համակարգի ձևավորման 20-ամյակի առթիվ, մայրաքաղաքի հասարակական-քաղաքական կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արթուր Պետրոսյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Համակարգի մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին